Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Google-ը գնել է իռլանդական տեսանյութերի տեխնոլոգիական ընկերությունը` Green Parrot Picture-ը, որի շնորհիվ պետք է բարձրացնի YouTube-ում տեղադրված տեսանյութերի որակը:
Green Parrot Pictures-ը կարողանում է հարթել լողացող կադրերը, որոնք տեսախցիկը շարժելու հետեւանք են, ինչպեսեւ թուլացնում է կադրի կանաչության աստիճանն ու կտրտվածությունը, ունի նաեւ այլ հնարավորություններ:
«Օրինակ` վերցնենք Լիբիայի ըմբոստության տեսանյութերը: Չնայած դրանք հուզական տեսանկյունից գրավիչ են, սակայն կտրտված են, եւ շարժումը շատ է: Իսկ ի՞նչ կասեք, եթե մի տեխնոլոգիա լինի, որը հնարավորություն կտա բարձրացնելու տեսանյութի որակը` նվազեցնելով կադրերի թարթումը, իջեցնելով աղմուկի ձայնը: Բավական լուրջ տեսանյութ կստացվի, որն ընդամենը պարզ եղանակով տեղադրված կլինի կայքում»,- ասել է Google-ի տեսանյութերի տեխնոլոգիական գծով ղեկավար Ջերեմի Դոյգը:
Խոսքը հենց Green Parrot Pictures-ի մասին է, որը ստեղծվել է 2004 թվականին պրոֆեսոր Անիլ Կոկարամի կողմից: Նա տեսանյութերի մշակման տեխնոլոգիան ուսումնասիրել է 20 տարի, եւ նրա աշխատանքները օգտագործվել են հոլիվուդյան այնպիսի ֆիլմերի նկարահանման ժամանակ, ինչպիսիք են «Մատանիների տիրակալը», «Սարդ մարդը» եւ «Խաղատուն Ռոյալը»:
Այժմ Green Parrot Pictures-ի տեխնոլոգիան ներդրվելու է YouTube-ում եւ կիրառելի է լինելու նույնիսկ ամենավատ որակով տեսանյութերի դեպքում, որոնք նկարահանվել են բջջային հեռախոսներով:
Ընկերությունն իր պաշտոնական կայքում գրում է. «Քանի որ տեսանկարահանողները շատանում են աշխարհում եւ նրանց տեղադրած նյութերի թիվը նույնպես աճում է, ապա մեզանից պահանջվում է աշխատանքի նոր ձեւաչափ»:
Ինչպես գրում է «Թելեգրաֆը», պայմանագրի ֆինանսական պայմանները դեռեւս հայտնի չեն: