Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմավիան» այսօր առավոտյան մեկ ժամով հետաձգել է իր չվերթերը դրանով իսկ իր բողոքը հայտնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սպասարկման բարձր գների կապակցությամբ։
Նախօրեին, ինչպես «Երկիր»-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, «Արմավիայի» չվերթերը չեն սպասարկվել ընկերության կուտակած պարտքերի պատճառով։ Ըստ «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի՝ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գներն ավելի քան երեք անգամ բարձր են Մոսկվայի օդանավակայանների եւ շուրջ երկու անգամ՝ Եվրոպայի օդանակավակայանների սպասարկման գներից։
«Ամբողջ աշխարհում հիմնական ավիափոխադրող ընկերության համար միշտ ապահովվում են լավ եւ մատչելի պայմաններ։ Լինելով ազգային փոխադրող` «Արմավիան» չունի ոչ մի արտոնություն` չնայած ամսվա ընթացքում իրականացնում է շուրջ 500 չվերթ, իսկ ամռան շրջանում դրանց թիվն ամսվա կտրվածքով հասնում է 700-ի։ Իսկ պայմանները նույնն են, որ գործում են այն ավիաընկերությունների համար, որոնք ամսվա ընթացքում ընդամենը 4 թռիչք են իրականացնում»,- հայտնում է Ն. Ավետիսովան` հավելելով, որ Հայաստան ներկրված վառելիքը, որն իրականացվում է «Արմավիայի» բաժնետիրոջ կողմից, ընկերությանը վաճառվում է 150 դոլարով թանկ։
Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք թռիչքների հետաձգմամբ փորձում են ուղեւորների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա։
«Օդանավակայանի սպասարկման բարձր գները, թույլ չեն տալիս «Արմավիային» նվազեցնել ավիատոմսերի գները։ Եվ չնայած այդ բարձր գներին` «Զվարթնոց» օդանավակայանը դիմել է խիստ մեթոդների՝ ընթացիկ պարտքերի պատճառով դադարեցնելով «Արմավիայի» թռիչքների սպասարկումը։ Համաշխարհային փորձի համաձայն՝ ընթացիկ պարտքը մարվում է հաջորդ ամսին։ «Արմավիան» այս պահին իր պարտքը կրճատել է 20 տոկոսով, իսկ օդանավակայանը պահանջում է մարել ամբողջ պարտքը նախօրոք։ Ի դեպ, այդ ընթացիկ պարտքերը եղել են միշտ, դրանք զրոյացվում էին ամռանը։ Իսկ ձմռանն ու գարնանը դարձյալ նույն չափի են»,- ասում է Ն. Ավետիսովան` նշելով, որ ավիաընկերությունը դիմում է նման քայլերի, որպեսզի նվազեցնի ավիատոմսերի գինը. «Դա կարող է տեղի ունենալ զիջումների եւ բանակցությունների ճանապարհով, այլ ոչ թե շանտաժի»:
Ն.Ավետիսովան նաեւ հերքեց շրջանառվող այն լուրերը, թե «Արմավիան» վաճառվում է. «Ընկերությունը չի վաճառվում, ընդհակառակը, շարունակում է թռիչքների աշխարհագրության ընդլայնումը եւ ավիապարկի համալրումը, ինչը դուր չի գալիս մեր ընկերության թշնամիներին»: