կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-11 01:11
Քաղաքական

Նախընտրական գործընթացը սկսվել է

Նախընտրական գործընթացը սկսվել է

Նախընտրական գործընթացն արդեն սկիզբ է առել` առանց հայտարարության, եւ որոշ հստակեցումներ արդեն կատարվել են. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը:

 

Այդ հստակեցումներից մեկը, ըստ նրա, իշխանական կուսակցությունների կոալիցիոն նոր համաձայնագրի կնքումն էր, որով պարզ դարձան կոալիցիայի նպատակները, նրանց ռազմավարությունն ու մարտավարությունը:

 

Իսկ ընդդիմադիր ՀԱԿ-ը, որը վերջին շրջանում արտահերթ ընտրությունների մասին շատ չի խոսում, ըստ Ա. Շահբազյանի,  հավանաբար աշնանը կհայտարարի, որ գնում են հերթական ընտրություններին:

 

Պատգամավորը նշեց, որ ՀԱԿ-ը մեղմացրել է իր դիրքորոշումը. նրա վերջին պահանջների մեջ չկար նախագահի հրաժարականի հարց, սակայն փոխարենը վարչապետի հրաժարականն են պահանջում. «Ի դեպ, երբ ժամանակին մենք նշաձողն ամենավերեւը չէինք բարձրացնում, նույն ուժը մեզ քննադատում էր դրա համար, բայց իրենք հիմա իրենց նշաձողն իջեցրել են, հավանաբար ունեն հաշվարկներ, որն իրենց խնդիրն է»:

 

Իսկ Դաշնակցությունն ընտրություններին ընդառաջ կատարել է իր քայլը, որն է` ընտրական իրավունքի պաշտպանության շարժման նախաձեռնումը: Նախատեսվում է, որ այս շարժումը պետք է ոչ թե քաղաքական, այլ հասարակական լինի, քանի որ դրա նպատակը արդար ընտրություններ անցկացնելն է:

 

«Սա մեր հռչակած ծրագիրն է, եւ այս ուղղությամբ է, որ մենք առաջիկայում ավելի շատ աշխատանք կտանենք»,- ասաց Ա. Շահբազյանը: