|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Փետրվարի 28-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի դահլիճում «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցի շնորհանդեսի ժամանակ քննարկում ծավալվեց Ղարաբաղյան հակամարտության եւ, ընդհանրապես, երկու հանրապետություններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, որը ներկայացրեց հիմնադրամի զեկույցը, հիմնականում անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հայտնելով այն կարծիքը, որ հարցի լուծումը ոչ թե ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ Ռուսաստանում է, այլ Հայաստանում եւ Ղարաբաղում: «Մեզնից է կախված` կկարողանա՞նք պահել ձեռքբերված հաջողությունը, թե՞ ոչ»,- ասաց նա՝ շարունակելով, որ այդ ամենի համար հարկավոր է նորմալ զարգացած տնտեսություն ունենալ, ստեղծել ժողովրդավարական պետություն եւ հաստատել սոցիալական արդարություն` տնտեսական եւ քաղաքական մենաշնորհներ ստեղծելու փոխարեն:
Նա միաժամանակ կարեւորեց ազնիվ, չկեղծված ընտրությունների անցկացումը, ինչը, ըստ նրա, կուղղի այն արատավոր հիմքերը, որ դրվել են դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, եւ ինչը շարունակվել է մյուս բոլոր նախագահների օրոք:
Ազնիվ ընտրությունների անցկացման հույս ունենալը, ըստ շնորհանդեսի մասնակից, Արցախյան շարժման ակտիվիստ Գրիգորի Աֆանասյանի, անիմաստ է, քանի որ դա երբեք էլ չի լինի: Անդրադառնալով Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը ամեն տարի հարգելուն՝ նա դա դեմագոգիա որակեց՝ նշելով, որ նույն այդ զոհերի եւ ադրբեջանական մյուս բնակավայրերից բռնագաղթվածների ընտանիքները մինչ այժմ ապրում են հանրակացարաններում: Եվ այս ամենը այն դեպքում, երբ երկու հանրապետություններում էլ մեծ տեմպերով շինարարություն է ընթանում, բազմահարկ էլիտար շենքեր են կառուցվում:
Շնորհանդեսի ժամանակ հնչած կարծիքները խորհելու լուրջ տեղիք են տալիս, եւ քեզանից անկախ սկսում ես մտածել, որ նման պայմաններում սոցիալական արդարություն հաստատելու հույս ունենալն անիմաստ է դառնում, ինչպես նաեւ Թաթուլ Հակոբյանի ասած` ձեռքբերված հաջողությունները պահելը:
Թվում է` դժվարին ճանապարհն արդեն իսկ անցել է, հայ ժողովուրդը հաղթել է պարտադրված պատերազմում, սակայն պակաս կարեւոր չեն նաեւ տնտեսական, ժողովրդագրական եւ այլ հաղթանակները, հատկապես` նման հարեւաններ ունենալու պարագայում:
Ձեռքբերվածը պահպանելը, իհարկե, դյուրին գործ չէ, սակայն հնարավոր է տնտեսապես ուժեղ, ժողովրդավարական պետություն կառուցելու դեպքում, երբ հավասարապես կզարգանան բոլոր շրջանները, երբ հավասարապես կհարգվեն բոլորի իրավունքները:
Ինչպես նույն միջոցառման ժամանակ շեշտեց Թաթուլ Հակոբյանը, ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքները միշտ չես կարող զենքով պաշտպանել, դրանք պետք է պաշտպանել մանկան ճիչով, գերանդիով, գութանով, այնտեղ ապրող մարդկանցով:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ