կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-03 01:03
Քաղաքական

ՀՀԿ-ականի խրատը դուր չի եկել ՀՅԴ-ին

ՀՀԿ-ականի խրատը դուր չի եկել ՀՅԴ-ին

Ազգային ժողովում շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը: Քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Անդրեասյանն իր ելույթից հետո պատասխանել է պատգամավորների հարցերին:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե նա միանալո՞ւ է ՀՅԴ-ի նախաձեռնած «Քվեն ուժ է» ընտրական իրավունքի պաշտպանության շարժմանը, Կ. Անդրեասյանը պատասխանել է, թե կուսումնասիրի դրա դրույթները, եւ եթե նույնիսկ չմիանա, ապա կհամագործակցի այդ շարժման հետ:

 

Ինչպես հաղորդում է «Երկիր»-ի թղթակիցը, Կ. Անդրեասյանի այս պատասխանը դուր չի եկել հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանին, ով էլ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին «խրատել է» ոչ մի շարժման էլ չմիանալ:

 

Ռ. Պետրոսյանի այդ «խրատին» իր ելույթում անդրադարձել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա ասել է, թե մարդու իրավունքների պաշտպանին «խրատելն» արդեն իսկ ՀՅԴ-ին դուր չի գալիս, եւ Կարեն Անդրեասյանի թեկնածությանը դեմ են քվեարկելու:

 

Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կեսկատակ դժգոհել է, թե իբր ՀՅԴ-ն Ռաֆիկ Պետրոսյանի հետ համաձայնության էր եկել, որ վերջինս իր խոսքում օգտագործի «խրատ» բառը, եւ դրա հիման վրա էլ Վահան Հովհաննիսյանը կառուցի  իր ելույթը: