կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 16:14
Իրավական

ՊԵԿ-ին դուր չի եկել Կարեն Անդրեասյանի տոնը

ՊԵԿ-ին դուր չի եկել Կարեն Անդրեասյանի տոնը

ՊԵԿ-ը պետք է պատասխանատվություն կրի էլէկտրոնային հաշվետվությունների համակարգի խափանման համար: Երեկ նման բովանդակությամբ հաղորդագրություն էր տարածել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` անդրադառնալով այս տարվա փետրվարի 13-ին ՊԵԿ-ի կողմից գործարկված  էլեկտրոնային հաշվետվությունների համակարգին:

 

Գործարկվելուց գրեթե անմիջապես հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։ Խնդիրն այն է, որ օրենքով սահմանված ժամկետներում հարկատուների կողմից հաշվետվություններ չներկայացնելը կարող է նրանց պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ, իսկ համակարգի անսարքությունը խոչընդոտում է հարկատուների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը. ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում:

 

Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման գործընթացում առաջացած խնդիրների վերաբերյալ ՄԻՊ-ի մտահոգությունը կիսելով` այսօր պարզաբանում է տվել նաև Պետական եկամուտների կոմիտեն:

 

Հայտարարությունում նշված է, որ ՊԵԿ-ն իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները տնտեսվարող սուբյեկտների համար արդյունավետ էլեկտորային հաշվետվողական համակարգ ներդնելու ուղղությամբ:

 

Սակայն, գործընթացը չի սահմանափակվում միայն ՊԵԿ-ի գործողություններով, այլ անմիջականորեն պայմանավորված է այլ հանրապետական մարմինների կողմից ինչպես գործընթացների իրականացմամբ, այնպես էլ վերջիններիս էլեկտրոնային համակարգերի արդիականացմամբ ու ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգի հետ ներդաշնակեցմամբ: Մասնավորապես` որպեսզի ՊԵԿ տեղեկատվական համակարգը կարողանա ընդունել էլեկտրոնային հաշվետվությունները, անհարժեշտ է, որպեսզի տրամադրվեն նույնականացման քարտ, կարդացող սարք, իսկ համակարգ մուտք գործելու պահին համապատասխան պետական գերատեսչությունների համակարգերն առցանց եղանակով հավաստեն և նույնականացնեն համակարգ մուտք գործողի անհատական տվյալները:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում հաշվետվություններ չներկայացնելու դեպքում բացակայում է իրավախախտման կազմը, ՊԵԿ-ը որդեգրել է նշված տնտեսվարող սուբյեկտներին վարչական պատասխանտվության ենթարկելուց ձեռնպահ մնալու քաղաքականություն:

 

Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ն ափսոսանքն է հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի՝ հրապարակավ հանդես գալու տոնի ու ձևի առթիվ և համարում, որ դրանք ամենևին չեն համապատասխանում կատարված ուսումնասիրության և առկա խնդիրների աղբյուրների բացահայտման աշխատանքի որակին: