կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-03 14:39
Տնտեսական

Մետրոյից օդանավակայան` արագընթաց գնացքով

Մետրոյից օդանավակայան` արագընթաց գնացքով

Գործադիրն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրին: Այն կապահովի մայրուղիներից և Երևան քաղաքից դեպի օդանավակայան ուղևորա- եւ բեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու և երկաթգծի կառուցման միջոցով։

 

«Բոլորս գիտենք, թե ինչպիսի վիճակում է մեր ճանապարհը, եւ լավ օդանավակայան ունենալու պարագայում սազական էլ չէ: Պետք է ունենանք լավ ճանապարհ եւ լավ երկաթգիծ, որը կհեշտացնի նաեւ ուղեւորների` դեպի օդանավակայան եւ օդանավակայանից դեպի քաղաք մուտքը: Կկառուցվի նաեւ նոր տրանսպորտային հանգույց` կամուրջների տեսքով, որը կմիացնի նոր կառուցվող ճանապարհները»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` նշելով, որ ծրագրի արժեքը 50-55 մլն դոլար է:

 

Ուղևորափոխադրումների նպատակով մետրոյի «Չարբախ» կայարանը կմիացվի օդանավակայանին` արագընթաց գնացքի միջոցով: Կարմիր բլուրը կմիացվի բեռնային համալիրին` նույն երկաթգծով:

 

Ավտոփոխադրումների համար կառուցվելիք նոր ճանապարհը կշրջանցի Արգավանդ և Փարաքար գյուղերը: Ճանապարհը կմիանա հիմնական մայրուղիներին:

 

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը կտեւի երեք տարի, ֆինանսավորումն էլ կապահովվի պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում: