Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում թթվասերի շուկայում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երևանի խոշոր իրացման ցանցերից («Երևան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ գնման միջոցով նմուշառված հետևյալ 16 ապրանքանիշի թթվասեր՝ «Էջմիածին կաթ» (20%), «Մարիլա» (18%), «Թամարա» (18%), «Թամարա և Անի Մասլովնա» (18%), «Մուլտի Ագրո» (18%), «Չանախ» (Պրեզիդենտ, 30%), «Մարիաննա» (18%), «Մարիաննա» (բիոթթվասեր 10%), «Մարիաննա» (15%), «Բոնիլատ» (17%), «Բիոկաթ» (20%), «Աշտարակ» (կովիկ,13%), «Բանդիվան կաթ (18%), «Աշտարակ» (դասական, 18%), «Չանախ» (20%), «Արզնի կաթ» (20%):
Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նմուշառված արտադրատեսակներից 5-ը՝«Սմետանա Մասլովնա» (18%)` արտադրող՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 07.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ, (արտադրության օրը՝ 27.03.19թ., պիտանի է մինչև՝ 03.04.19թ.), «Կովիկ» (13%) արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Բանդիվան կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 04.04.19թ.), ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:
Տեսչական մարմինը նշում է, որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:
Կեղծված է համարվում այն սննդամթերքը` որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության, որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով, որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին, որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն շղթան ամբողջացնելու նպատակով, ստուգումներ կանցկացնի «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ-ի, «Պարգև» ՍՊԸ-ի և «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրություններում:
2019թ. հունվարի 16-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը պետք է կոչվի «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով»: Տուփի վրա մեծ տառաչափով պետք է նշվի, որ արտադրանքը պարունակում է բուսական յուղեր: Մակնշման բաղադրության մեջ պետք է նշվի նաև, թե կոնկրետ ինչ բուսական յուղ է օգտագործվել: Կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը թույլատրում է կաթնայուղը փոխարինել ոչ ավել քան 49 տոկոսի չափով: