Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ նախորդ տարեվերջին խոսվում էր, որ մեկ ամսից շահագործման կհանձնվի ՕԵԿ առաջնորդ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին պատկանող Ոսկեվազի գինու-կոնյակի գործարանը, սակայն պարզվում է` այն դեռեւս լիարժեք չի գործում:
«Առայժմ չի գործում»,- ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայ Հովհաննիսյանը, ով նույնպես ՕԵԿ անդամ է: Սակայն երեւանյան խանութներում արդեն կարելի է տեսնել Ոսկեվազի կոնյակի գործարանի արտադրանքը, մասնավորապես` ՍԱՍ սուպերմարկետի ցանցում «Հայասի» անունը կրող կոնյակներ են վաճառվում: Գյուղապետը բացատրեց, որ փորձարկվել է ընդամենը մի երկու արտադրամաս: «Նոր գործարան է, մինչեւ հունի մեջ մտնի, ամիսներ պետք կլինեն»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով` ամբողջ թափով աշխատելու դեպքում գործարանում մոտ 500-700 աշխատատեղ կբացվի, կարտադրվեն գինի, կոնյակ, գարեջուր, օղի եւ այլ ըմպելիքներ, ինչպես նաեւ հնարավոր կլինի արտադրանքն արտահանել նաեւ հարեւան երկրներ:
Մինչդեռ, մեր տեղեկություններով, ներկայումս կոնյակի համար անհրաժեշտ հումքն էլ (ոմանք ասում են` պատրաստի կոնյակը) ներկրվում է հարեւան Վրաստանից, եւ գործարանում այն ընդամենը շշալցվում է:
Մի բան պարզ է` այս տարի գործարանը խաղողի մթերումներ չի իրականացրել, եւ Վրաստանից սպիրտը ներկրելու պարագան շատ իրական է: Բայց եթե այդպես շարունակվի նաեւ առաջիկայում, կնշանակի` խաղողագործությունը խթանելու եւ մարզին ու երկրին օգուտ տալու մասին խոսք լինել չի կարող: