ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Արթենյանին, վերջինիս ավագ որդուն` ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի հերթապահ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ս. Արթենյանին, և կրտսեր որդուն` Սր. Արթենյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2011 թվականի հունվարի 21-ին` ժամը 23:50-ի սահմաններում, Ռ. Արթենյանը, իր որդիների հետ միասին, իրենց ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ա. Ասատրյանի, անչապահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռ. Սաղաթելյանի և նույն բաժանմունքի տեսուչ Ռ. Միսակյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով նրանց պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է: