Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին Australian open-ի առաջնության 1/8 եզրափակիչից հետո, որում հաղթել էր լատիվիացի Անաստասիա Սևաստովային, պատմել է, թե ինչպես է ավստրալիական կենդանական աշխարհի հետ շփումը առաջացրել բժշկական միջամտության կարիք և ինչու է ինքը կորտ դուրս եկել` վիրակապը ձախ ոտքին: «Նախօրեին ես Մելբուռնի պարկում տեսա փոքրիկ կենգուրու, որն անշարժ պառկած էր և կենդանության որևէ նշան ցույց չէր տալիս: Մտածեցի, որ նրան օգնել է պետք, բարձրացնել և տանել բժշկի մոտ»,-պատմել է թենիսիստուհին: «Բայց հենց ես մոտեցա կենգուրուին, նա սկսեց ագրեսիա ցուցաբերել և ճանկռել ինձ: Ես հասկացա, որ սխալ եմ թույլ տվել և արագ նահանջեցի: Բժիշկները, ուսումնասիրելով վերքը, առաջարկեցին ինձ մի քանի կար անել, բայց ես հրաժարվեցի, արդյունքում կտրվածքի կողքից,այսպես ասած, սոսնձեցին: Վատ չի նայվում, բոլորն էլ գոհ էին»: