կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-26 01:13
Աշխարհ

Կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը

Կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը

Մոտ 1 մլրդ կաթոլիկներ ամբողջ աշխարհում այսօր տոնում են Սուրբ Ծնունդը` համաձայն Գրիգորյան տոմարի: Նրանց հետ տոնում են նաեւ լյութերանական, բողոքական եւ մի շարք ուղղափառ եկեղեցիներ` բացառությամբ ռուս, սերբ, վրաց ուղղափառ եկեղեցիների, որոնք այդ տոնը նշում են հունվարի 7-ին` համաձայն հուլյան` բյուզանդական տոմարի:

 

Կաթոլիկ աշխարհի տոնակատարությունների կենտրոնն այս օրերին Վատիկանն է: Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այս գիշեր Սուրբ Պետրոսի տաճարում մատուցել է սուրբ մեսսա (պատարագ), ի լուր աշխարհի հայտնել Փրկչի ծննդյան ավետիսը:

 

«Աստված մարդկանց ուժ է տվել հաղթահարելու բռնակալական իշխանություններին, եւ այսօր մենք խնդրում ենք Նրան վերածել երկրագունդը ճշմարտության, սիրո, արդարության եւ խաղաղության թագավորության»,- ասել է Բենեդիկտոս 16-րդը:

 

Այս գիշեր Ծննդյան տոնը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա է եղել մոտ 10 հազար մարդ, նրանց թվում իտալացի քաղաքական եւ պետական գործիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ: Պատարագից հետո, Հռոմի պապը կդիմի աշխարհին իր հայտնի «ՈՒրբի եւ օրբի»` «Քաղաքին եւ աշխարհին»,  ուղերձով:

 

Հայ առաքելական սուրբ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին: