կարևոր
3133 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-09 14:58
Հասարակություն

Ալեքսանդրետի հայ համայնքը Սուրբ Ծնունդը նշել է տեղի եկեղեցիներում

Ալեքսանդրետի հայ համայնքը Սուրբ Ծնունդը նշել է տեղի եկեղեցիներում

Պատմական Ալեքսանդրետ մարզի (ներկայիս Հաթայ նահանգի Իսքենդերուն գավառը) հայկական համայնքը Հայ Առաքելական եկեղեցու կողմից հունվարի 6-ին նշվող Սուրբ Ծնունդը տոնել է տեղի Քառասուն Մանուկ հայկական եկեղեցում։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Իսքենդերունի Քառասուն Մանուկ հայկական եկեղեցում և Սամանդաղ գավառի Վաքըֆլը գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում Սուրբծննդյան պատարագներ են մատուցվել։ Պատարագի արարողությունները կատարվել են Հաթայ նահանգի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Ավետիս Թաբաշյանի ձեռամբ։

Անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով վնասվել էին նաև վերոնշյալ եկեղեցիները, որի պատճառով պատարագի արարողություններն իրականացվել են  հիշյալ եկեղեցիների բակերում։ Պատարագի ընթացքում հայ հավատացյալներն աղոթել են, որ 2024 թվականը զերծ մնա երկրաշարժերի պես բնության արհավիրքներից։

Պատարագների շրջանակներում կատարվել է նաև Հիսուս Քրիստոսի մկրտությունը պատկերող արարողությունը։ Հայկական համայնքի ներկայացուցիչները պատարագներից հետո համբուրել են խաչը, որ բռնել է ծխի ամենակրտսեր անդամը՝ Ռոբին Կիրակոսյանը։

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net