կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 07:35
Արցախ

Արցախում նշել են ՀՅԴ 120 ամյակը

Արցախում նշել են ՀՅԴ 120 ամյակը
Արցախի մայրաքաղաքում նշել են ՀՅԴ 120-ամյակը:  Միջոցառմանը ներկա  են եղել   ԼՂՀ իշխանությունները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Արցախի քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
           

Դաշնակցությունը սկզբունքային կուսակցություն է եւ միշտ համարձակորեն ասում է իր կարծիքը` լինելով թե դիմադիր, թե ընդդիմադիր, թե կոալիցիոն ուժ,-ասել էլ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Խոսելով երկու հայկական հանրապետությունների զարգացման գործում Դաշնակցության դերի մասին, Սրբազան առաջնորդը շեշտել է, որ ՀՅԴ-ն տարբերվում է իր ազգային նկարագրով եւ հայրենիքում եւ նրանից դուրս աչքի է ընկնում հայապահպանման գործով:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, խոսելով հայկական իրականության ջրբաժանի մասին, որն, ըստ նրա, անցնում է Արցախի հարցի միջով, նշել է: «Մի կողմում նրանք են, որոնց համար Արցախի կյանքը հարց ու գերխնդիր է, մյուս կողմում նրանք, որոնց համար Արցախի հարցը կարեւոր չէ եւ ոչ էլ գերխնդիր: Իբրեւ կազմակերպված ուժ` Արցախի հարցը մեզ համար գերխնդիր է, մեզ հետ են նաեւ մեր ժողովրդի առողջ ազգային տարրերը, մտավորականությունը, պարզ հայ գյուղացին, աշխատավորը ու ազգային արժանապատվություն ունեցող հայորդիները: Այս չարձանագրված, չհայտարարված համագործակցությունը` Արցախյան գործոնի ու Դաշնակցության, պետք է լինի այն առանցքը, որի շուրջ կկայանա ազգային միասնականությունը:

 «Միասնականություն, որ չտրվենք հեշտ ու կարճ ճանապարհներով գնալու գայթակղությանը: Որ այն, ինչ ապահովել ենք արյամբ ու պատերազմով,  տանուլ չտանք բանակցությունների սեղանի շուրջ: Միասնականություն, որ մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար կապահովի վերջնական հաղթանակ, որ այլեւս իբրեւ ժողովուրդ դադարենք լացող, կոտրված ազգ լինել, դադարենք հոխորտացող ու երազող մարդկանց հավաքականություն լինել: Դառնանք իրապես հաղթող, ապրող, զարգացող ազգ»,-շարունակել է նա:

Հրանտ Մարգարյանը խոսքն ավարտել է Արցախի համար կարեւոր մի քանի առաջնահերթություններ նշելով. որպեսզի ԼՂՀ-ն լինի կենսունակ, զարգացող, հզոր, գրավիչ երկիր` անհրաժեշտ է երկրում ապահովել սոցիալական արդարություն, ժողովրդավարություն:
«Արցախի անվտանգության, հաջողության համար երաշխավոր պետք է շարունակի լինել Հայաստանի Հանրապետությունը:  Արցախը պետք է շահագրգռված լինի որ Հայաստանը դառնա արդար, ազատ երկիր: Քաղաքականապես կայուն Հայաստանի Հանրապետության երաշխիքը ներազգային կյանքում արդարության ու ժողովրդավարության հաստատումն է: Այսօր արցախցիների տունդարձի ժամանակն է: Արցախցիները ոչ մի տեղ չեն կարող այնքան օգտակար լինել Արցախին, որքան հենց Արցախում»,-ասել է Հրանտ Մարգարյանը, ընդգծելով, որ այսօր Արցախից է բխում  մեր ուժի ու լինելիության աղբյուրը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, խոսելով Դաշնակցության անցած դժվարին ուղու մասին, շեշտել է. «Դաշնակցությունը եղավ Արցախի պետության ստեղծման ակունքներում, եղավ կիզակետում եւ մեծ զոհողությունների գնով  հաստատեց պետականություն և  այսօր  էլ  չենք խուսափում պատասխանատվությունից»: