Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը ստացել է 20 մլն 863 հազար դոլարի նվիրատվության խոստում:
Նվիրաբերված գումարները կուղղվեն Արցախում ջրամատակարարման համակարգի կառուցմանն ու նորոգմանը: Հայաստանի մարզերում կշարունակվի նաեւ գյուղկան շրջանների զարգացման ծրագիրը: Հավանական է նաեւ, որ 2011-ի հեռուստամարաթոնը եւս ջրի խնդրին նվիրված լինի:
Այս տարի շուրջ 42.600 նվիրատու է գրանցվել միայն Հայաստանում, որից 20.000-ը sms-ի միջոցով, 19.000-ը` «Հայփոստով»:
«Մյուս տարվա համար ունենք դրամահավաքի նոր ձեւ: Կարեւորն այն է, որ հայերը սկսել են հավատալ, եւ մենք ամեն կերպ պետք է ցույց տանք, թե ուր են գնում այդ գումարները: Լինում են դեպքեր, երբ գրավոր խնդրում են պատասխանել գումարների «անցնելիք» ճանապարհի մասին, մենք ոչ մեկին չենք մերժում»,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը:
Ջրամատակարարման խնդիրների լուծման համար շուրջ 20 մլն դոլար է հատկացվելու: Նվիրատուներն արդեն մոտ 6 մլն դոլար փոխանցել են: Մինչեւ Ամանոր Ստեփանակերտում, Մարտունիում եւ այլ 10 գյուղերում կիրականացվեն ջրամատակարարման հետ կապված աշխատանքներ:
Արա Վարդանյանը հավաստիացրեց, հունվարի կեսերին կհրապարակվի բոլոր նվիրատուների անունները:
«Կալիֆոռնիայում գործում են մոտ 1.374 հուզիչ անուններով բարեգործական ընկերություններ, եւ որպեսզի մարդիկ դրանց թիրախը չընկնեն, մեր մարաթոնին մեծամասամբ անանուն են ուղարկում գումարները: Իսկ Հայաստանում 7 sms գրողից միայն 1-ն է անունը նշում»,-ասաց Արա Վարդանյանը:
Խոշոր նվիրատուների ցանկում կան նաեւ հայտնի անուններ՝ Բարսեղ Բեգլարյան, Արա Աբրահամյան, Մուրադյան եղբայրներ, Միխայիլ եւ Կարեն Բաղդասարովներ, Հրանտ Վարդանյան: Ներկայիս եւ նախկին նախագահներն էլ իրենց աշխատավարձի չափով են գումար փոխանցել:
Պետք է նկատել, որ այս տարի շատ ակտիվ էր Ռուսաստանը, որտեղից 10.600.000 դոլարի նվիրատվություն է գրանցվել, իսկ ԱՄՆ-ում 15 տոկոս աճ է գրանցվել նվիրատուների:
Արա Վարդանյանը կարեւոր է համարում դպրոցների ներգրավվածությունը դրամահավաքին, քանի որ նա կարծում է, որ երեխան դպրոցից պետք է սկսի սովորել օգնել ուրիշներին: Արա Վարդանյանը նաեւ կարեւորում է դեսպանությունների աջակցությունը, քանի որ այն երկրներում, որտեղ գրասենյակներ չկան, մարդիկ դեսպանություններին են գումար փոխանցում:
Հիմնադրամը տարեկան կորցնում է գումարի 2-3 տոկոսը. լինում է` զանգում գոյություն չունեցող անուն-ազգանուն են ասում:
Այս տարի հեռուստաընկերություններից շատերը սերիալների փոխարեն հեռուստամարաթոնն էին ցուցադրում, չնայած, ինչպես նշեց Արա Վարդանյանը, եղել են նաեւ բողոք-զանգեր, թե երբ է վերջանալու մարաթոնը եւ սկսվելու սերիալները:
Հեռուստաեթերի մոնիթորինգի տվյալներով` Երեւանում եւ Հայաստանի 17 այլ քաղաքներում շուրջ 1 մլն 600 հազար հեռուստադիտող առնվազն 30 րոպե դիտել է հեռուստամարաթոնը:
«Դրամահավաքը «գիտություն» է. ունի իր կանոնները. եթե 100-ից 3-ը դրական պատասխան է տալիս, ուրեմն շատ լավ է»,- ասաց Արա Վարդանյանը:
Նշենք նաեւ, որ օրերս Ֆրանսիայից մի կին 1 մլն դոլար է փոխանցել հիմնադրամին, սակայն դրա մասին կհայտարարվի հաջորդ հեռուստամարաթոնի ժամանակ, իսկ փոխանցված գումարը հատկացվելու է Աշոցքում դպրոց կառուցելուն: