կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 01:50
Հասարակություն

«Ա1+»-ը մերժվեց` ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով

«Ա1+»-ը մերժվեց` ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով

«Իմ որոշումը քաղաքական չի եղել, այլ օրինական»,- այսօր լրագրողներին ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը` կապված այսօր տեղի ունեցած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հայտերի վարկանշային քվեարկության հետ:

 

Հարցերի հարցը վերաբերում էր «Ա1+»-ին կապուղի չտրամադրելու հարցին: Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ասաց, որ կոնկրետ իր քվերակության ժամանակ որոշիչ դեր է ունեցել այն, որ այդ ընկերության կողմից ներկայացված բիզնես ծրագիրը չէր կարող իրականցվել` համապատասխան ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:

 

Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք, հայտարարվել էր, որ «Ա1+»-ի ներկայացրած հայտում եղել են ֆինանսական միջոցներ ներգրավելու կեղծ փաստաթղթեր: Քանի որ դրանք կեղծ էին, հետեւաբար հիմք չէին կարող լինել նշված ծրագրերի իրականցման համար:

 

Գ. Ամալյանն ասաց, որ «Ա1+»-ը միակ դեպքը չէ, մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում մյուս հայտերից որոշներում էլ կեղծիքներ եւ վրիպակներ են հայտնաբերվել:

 

«Եթե որևէ ընկերություն, ենթադրենք, չունի մրցակիցներ, բայց բերել է ծրագիր, որի ապահովման համար չունի անհրաժեշտ միջոցներ, դուք ի՞նչ կանեիք»,- ասաց Գ. Ամալյանը:

 

Իսկ այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները միաժամանակ 6-ական միավոր նշանակեցին 1-5-րդ մրցույթում հայտ ներկայացրած բոլոր հեռուստաընկերություններին, Գ. Ամալյանը պատասխանեց,  թե նույն բան է, եթե հարցնեք, թե ինչու բոլորը «1+1» հաշվելիս «2» պատասխանն են ստանում: