կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-14 02:49
Քաղաքական

Նախկին քաղաքապետը ոհմակով էր գործում

Նախկին քաղաքապետը ոհմակով էր գործում

Գագիկ Բեգլարյանը ոհմակային վարքագիծ է ցուցաբերել` ծեծել է  իրենից երկու անգամ փոքրամարմին տղային եւ մենակ չի եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

 

Նա նշեց, թե հավանական է, որ քրեական գործ չհարուցվի, եթե երկու կողմերը հաշտության գան, սակայն դա չի նշանակում, թե Գագիկ Բեգլարյանը նման բան չի արել:

 

Սակայն այս ամենի շարունակությունը պարզ կլինի, երբ նախագահը վերդառնա Հայաստան: Ըստ պատգամավորի` պետք չէ ամեն ինչում մեղադրել նախագահին: Նա միայն հանձնարարականներ կարող է տալ իրավապահ մարմիններին, որպեսզի գործերը հետաքննվեն եւ բացահայտվեն, սակայն անձամբ չի կարող զբաղվել ամեն գործով:

 

Իսկ այն, որ որոշակի դեպքեր չեն բացահայտվում, մեղավոր են իրավապահ մարմինները: Սակայն բացահայտումներ էլ են եղել ու մեղավորները պատժվել են: Օրինակ, Ռաֆիկ Պետրոսյանի խոսքերով, մարտի 1-յան դեպքերի ժամանակ սխալներ թույլ տալու համար է ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պաշտոնից հեռացել.

 

«Մարտի մեկյան դեպքերի կապակցությամբ, երբ սխալներ էին տեղի ունեցել, սխալ զենք էր օգտագործվել, մարդիկ  էին զոհվել էդ պատճառով, նա հանձնարարեց եւ պատժեցին ոստիկանության պետին, աշխատանքից հանեցին: Ճիշտ է անունը դա չդրվեց...»:

 

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի կարծիքով Գագիկ Բեգլարյանի պաշտոնից հրաժարականը ոչ թե «օրենքի տառը պահպանելու, այլ ավազակապետության նորմերի շրջանակներում է արվել»: Եվ քանի դեռ երկրում օրենքները լիովին չեն կիրառվում, ապա նման դեպքերը շարունակվելու են:

 

Եվ այս դեպքը բոլորովին էլ մխիթարանքի հույս չի ներշնչում: Վ. Խաչատրյանի համար դրական ու լավ բան կլինի, եթե ներկայիս իշխանությունը թողնի ու հեռանա: