կարևոր
3115 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-29 16:29
Քաղաքական

Ինչո՞ւ չեն դադարեցվել Ջոմարդյանի և ոհմակով պատգամավորին ծեծողների լիազորությունները. Խամոյան

Դուք լսե՞լ եք Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այն թեզը, որով պատմական Հայաստանը հակադրում է իրական Հայաստանի հետ։ Դուք լսե՞լ եք իրական Հայաստանի մասին, չեք լսել, որովհետեւ ձեր զեկույցում որեւէ արձանագրում այդ իրական Հայաստանի մասին չկար։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրական Հայաստանում, տիկին Սարգսյան։ Իրական Հայաստանում երեկ խուլիգանախումբը 50-60 հոգով, մարդիկ, որոնք իրենց հռչակել են ոստիկաններ, հարձակվել են ոհմակով իմ գործընկեր Աշոտ Սիմոնյանի վրա։ Ես ցավում եմ, որ դուք եք այդտեղ նստած եւ պետք է այդ հարցերին պատասխանեք։ Ես ցավում եմ, որ երկու կին հիմա պետք է քննարկեն տղամարդկային կոդեքս, որով անգամ փողոցում ընդունելի չէ, որ 50-60 տղամարդ, անգամ հանցագործները խմբով չեն հարձակվում մեկի վրա, բայց ոստիկանները, որոնք իրենց հռչակել են օրենքի պաշտպաններ, հարձակվում են մարդու վրա, հայհոյում են, հարվածում են, իրենց ամենավերջին խուժանի նման են պահում։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ինչո՞ւ առնվազն չեն դադարեցվել Արթուր Ղազարյանի լիազորությունները, էլի հրամանատար է, ինչո՞ւ կարմիր բերետների հրամանատար Հայկազ Ջոմարդյանի լիազորությունները չեն դադարեցվել, տեսախցիկների առջեւ ամբողջ հանրապետությունը տեսել է, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ նույն իրական Հայաստանում ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ։ Եվ այդ նույն օրը ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում։ Ձեր ոստիկանությունում, ոստիկանապետը քաղաքացուն լակոտ է անվանում»