Դեկտեմբերի 13-ից Արցախում գործելու են բջջային եւ անշարժ կապի նոր սակագներ: Այսօր հայտարարել է ոլորտի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմե ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանը` ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ սակագների իջեցման առաջին փուլն է սա, երկրորդ փուլը սպասվում է հաջորդ տարվա հուլիսի 1-ից:
Այսպես` 17 տոկոսով իջեցվել է ԼՂՀ անշարժ համարներից դեպի ՀՀ անշարժ համարների զանգերի սակագինը. 1 րոպեն այժմ կարժենա 29.99 դրամ` նախկինում ցերեկային 36-ի եւ գիշերային` 30-ի դիմաց: 40 տոկոսով իջեցվել է ԼՂՀ անշարժ համարներից դեպի ՀՀ բջջային, ինչպես նաեւ ԼՂՀ բջջային հետվճարային համարներից դեպի ՀՀ բջջային եւ ԼՂՀ բջջային կանխավճարային համարներից դեպի ՀՀ անշարժ համարներ զանգերի սակագները: 35 տոկոսով իջեցվել է բջջային կանխավճարային համարներից դեպի ՀՀ բջջային, իսկ 30 տոկոսով` բջջային հետվճարային համարներից դեպի ՀՀ անշարժ համարներ զանգերի սակագները:
Փոփոխություններ են կատարվել նաեւ SMS հաղորդագրությունների սակագներում` ԼՂՀ եւ ՀՀ համարների վրա ուղարկված կարճ հաղորդագրության 20 դրամի փոխարեն երկուշաբթի օրվանից բաժանորդները կվճարեն 15 դրամ:
Սակագների փոփոխություններ են կատարվել նաեւ ներցանցային զանգերի ծառայություններում`17-23 տոկոսի չափով, բացառությամբ անշարժ համարներից դեպի բջջային, բջջային հետվճարային համարներից դեպի անշարժ եւ բջջային համարներ զանգերի մասով: Դրանց սակագինն իջեցվել է 5 տոկոսով. հիմա գործող ցերեկային` 40 եւ գիշերային 36 դրամի փոխարեն գործելու է 38 դրամ սակագինը, որը հաջորդ տարվա հուլիսի 1-ից նախատեսվում է դարձնել 33 դրամ: Ինչպես եւ նկատվում է, նոր սակագներում ցերեկային եւ գիշերային ժամերին կատարած զանգերի միջեւ ոչ մի տարբերություն էլ չի լինելու:
Տեղեկացնենք նաեւ, որ զգալիորեն իջեցվել են միջազգային զանգերի սակագները: Ռալֆ Եիրիկյանի փոխանցմամբ` հունվարից շուկա կմտնեն նաեւ բջջային կապի տարբեր փաթեթներ:
Երկիրի այն հարցին, թե փոփոխություններ նախատեսվում են ռոումինգ ծառայությունների մատուցման մասով, Ռ.Եիրիկյանը պատասխանել է, որ այդ հարցի լուծումն այդքան էլ հեշտ չէ եւ երկար քննարկումներ են պահանջում: Հարցի կապակցությամբ խոսել է նաեւ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահը, ով տեղեկացրել է, որ հայաստանյան գործընկերների հետ հանդիպման ժամանակ այդ հարցն արդեն հաջողվել է քննարկման փուլ տեղափոխել: