կարևոր
529 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 17:37
Աշխարհ

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

Իսպանիան և Իտալիան որոշել են չերկարաձգել փոխադարձ սահմանային վերահսկողությունը, որը սահմանվել էր այն բանից հետո, երբ Հռոմն իր դժգոհությունն էր հայտնել այս տարվա ամռանը Մարոկկոյից Իսպանիայի Սեուտա քաղաք տասնյակ հազարավոր միգրանտների ներհոսքի կապակցությամբ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը, գրում է interfax.ru-ն։

«Իսպանիան համաձայնության է եկել Իտալիայի հետ սահմանային վերահսկողությունը վերացնելու հարցում», - ասվում է գերատեսչության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ՝ Իսպանիայի և Իտալիայի ներքին գործերի նախարարներ Ֆերնանդո Գրանդե-Մարլասկայի և Մատեո Պիանտեդոզիի հեռախոսազրույցի արդյունքներով։

Հաղորդագրության համաձայն՝ որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00։00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 01։00-ին)։

Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, Պիանտեդոզին և Գրանդե-Մարլասկան պայմանավորվել են չերկարաձգել գործող սահմանափակումները։ Բացի այդ, նախարարները համաձայնության են եկել միգրանտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ՝ Շենգենյան գոտում անվտանգությունն ապահովելու նպատակով։

Նախորդ շաբաթ սահմանային վերահսկողության վերացման հարցը քննարկել էին Իսպանիայի և Իտալիայի վարչապետներ Պեդրո Սանչեսը և Ջորջա Մելոնին։ Երկու երկրներն էլ սահմանափակումների գործողության ժամկետը երկարաձգել էին մինչև հոկտեմբերի 22-ը, որի ընթացքում համապատասխան գերատեսչությունները պետք է համաձայնեցնեին դրանց վերացման հետ կապված հարցերը։

Իտալիան առաջին անգամ հուլիսի 31-ին էր կասեցրել Իսպանիայի հետ բաց սահմանների մասին համաձայնագրի գործողությունը՝ հայտարարելով, որ ցանկանում է համոզվել, որ Սեուտա ներթափանցած միգրանտներից ոչ մեկը չի մեկնի Իտալիա։ Ի պատասխան՝ Մադրիդը համանման միջոցներ էր ձեռնարկել Հռոմի նկատմամբ։

Հուլիսի վերջին շուրջ 72 հազար միգրանտ էր ներթափանցել Հյուսիսային Աֆրիկայում գտնվող և Մարոկկոյի հետ սահմանակից Սեուտա քաղաք։ Նրանց մեծ մասը վերադարձվել էր Մարոկկո։