|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությանն առնչվող հարցեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական հակամարտությունում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև դրա տնտեսական և հոգեբանական բաղադրիչներին։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես տեղեկացրել էր երկրի առաջնորդի հետ իր շփումների մասին։ Հարկ է նշել, որ միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մոջթաբա Խամենեին այդ պաշտոնին մարտի սկզբին ընտրվելուց հետո չի հայտնվել հանրության առաջ։
Հատկանշական է, որ Խամենեիի և ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Ղալիբաֆի հանդիպումը տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդների գործադրած ջանքերի, ինչպես նաև նոյեմբերի սկզբին ամերիկյան կոնգրեսի ընտրություններից հետո ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունների պայմաններում։
ԱՄՆ-ն ու Իսրայելը այս տարվա փետրվարի 28-ին հարվածել էին Իրանի տարածքում գտնվող թիրախներին։ Իրանական կողմը հասցրել էր պատասխան հարվածներ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին ռազմական գործողությունները դադարեցնելու հուշագիր, սակայն հետագայում կրկին հարվածներ էին փոխանակել։ Այս հակամարտությունը մնում է չկարգավորված։