կարևոր
592 դիտում, 47 րոպե առաջ - 2026-10-19 18:03
Հասարակություն

Ադրբեջանցի զինվորի կողմից վիրավորված Անի Ավետիսյանն այս շաբաթ կրկին վիրահատվելու է

Ադրբեջանցի զինվորի կողմից վիրավորված Անի Ավետիսյանն այս շաբաթ կրկին վիրահատվելու է

Ցավեր ունեմ, այնքան անտանելի են, որ անգամ չեմ կարողանում ոտքս տեղաշարժել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Անի Ավետիսյանը՝ նշելով, որ այս շաբաթ իրեն կրկին վիրահատելու են, սակայն վիրահատության օրը դեռևս հայտնի չէ։

«Դե ոսկոր չկա, ոտքս ամբողջությամբ հավաքել են երկաթներով։ Բժիշկներն ասում են՝ օտար մարմին ա, բնական ա, որ կցավա։ Քայլելու մասին խոսելը դեռ շատ շուտ է։ Եթե հաջորդ վիրահատությունս հաջող անցնի, դեռ մեկ տարի էլ կպահանջվի վերականգնվելու համար։ Հետո երեխայի պես տոտիկ-տոտիկ պետք է սկսեմ քայլել սովորել»,- 24News-ին պատմել է Անի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ վիրահատությանը, հավանաբար, կմասնակցեն նաև այլ հիվանդանոցներից ժամանած բժիշկներ։

Այս ընթացքում Անիին տեսակցելու են գալիս նաև երեխաները, սակայն, ինչպես ինքն է նշում, նրանք դեռ վախեցած են։ Երեխաների հետ հոգեբան է աշխատում, բայց Անիի խոսքով՝ ինքը դեռ հոգեբանի հետ չի հանդիպել։ Այս պահին նրա միակ մտահոգությունը չդադարող ցավերն են ու հնարավորինս շուտ ապաքինվելը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի սկզբին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող էր ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել էր դանակով հարվածել ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։

Դեպքից հետո Անի Ավետիսյանը տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բուժօգնության էին դիմել նաև նրա երկու երեխաները։

Նասիմի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հինգ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք։