կարևոր
562 դիտում, 57 րոպե առաջ - 2026-08-14 23:29
Հասարակություն

Սուրբ Էջմիածնի հայտնության տոնն է․ «Շողակաթը» կնշվի օգոստոսի 15-ին

Սուրբ Էջմիածնի հայտնության տոնն է․ «Շողակաթը» կնշվի օգոստոսի 15-ին

Սամվել Դպիր Գրիգորյանը հայտնում է, որ վաղը՝ օգոստոսի 15-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Էջմիածնի հայտնության տոնը` «Շողակաթ»-ը՝ ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի»։

«Այս առիթով Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ժամը 10:30 կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Սուրբ Պատարագին` միասին աղոթելու, հաղորդվելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Կենարար Մարմնին ու Արյանը և հայցելու Նրա օրհնությունը մեր ժողովրդի, Սուրբ Եկեղեցու, աստվածապարգև հայրենիքի և մեր ընտանիքների համար։

Շողակաթի տոնը հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը, որի ընթացքում Երկնավոր Փրկիչը, Իր ոսկե մուրճով հարվածելով գետնին, ցույց տվեց Հայոց աշխարհի հոգևոր կենտրոնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառուցման սրբազան վայրը։

«Շողակաթ» անվանումը խորհրդանշում է երկնային լույսի շողարձակումը և այն լույսը, որով սրբագործվեց Հայաստան աշխարհը։

Այս նվիրական տոնը մեզ վերստին հիշեցնում է, որ Սուրբ Էջմիածինը հիմնված է Աստծո նախախնամությամբ և օրհնությամբ՝ որպես մեր ժողովրդի հոգևոր կյանքի տեսանելի լուսավոր կենտրոն։

Այն կոչ է յուրաքանչյուրիս՝ պահպանելու մեր հոգևոր լույսը, անսասան մնալու հավատքի մեջ, պաշտպանելու մեր սրբությունները և համախմբվելու Մայր Եկեղեցու շուրջ։

Փա՜ռք Աստծուն ամեն ինչի համար»,-գրել է Սամվել Դպիր Գրիգորյանը: