կարևոր
2236 դիտում, 16 ժամ առաջ - 2026-07-20 12:52
Հասարակություն

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հուշագրում արտացոլվել են ԼՂ-ից տեղահանվածների վերաբերյալ ՀՔԱՎ-ի բարձրաձայնված խնդիրները

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հուշագրում արտացոլվել են ԼՂ-ից տեղահանվածների վերաբերյալ ՀՔԱՎ-ի բարձրաձայնված խնդիրները

Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը հայտնում է, որ 2026 թվականի հունիսի 16-ին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին հրապարակել է «Հայաստան տեղափոխված ղարաբաղցի հայերի մարդու իրավունքների վերաբերյալ» հատուկ հուշագիրը։

Հրապարակված պաշտոնական փաստաթղթում Մայքլ Օ’Ֆլահերտը, մի կողմից, արձանագրել է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված մի շարք դրական քայլերը՝ մասնավորապես ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացի դյուրացմանն ուղղված միջոցառումները և աջակցության հատուկ ծրագրերի իրականացումը։ Մյուս կողմից, սակայն, Հանձնակատարն ընդգծել է, որ «շատ ղարաբաղահայեր դեռևս պայքարում են Հայաստանում լիարժեք իրավունքներից և հնարավորություններից օգտվելու համար»։

Մասնավորապես, պաշտոնական տեքստում նշվում է, որ բազմաթիվ ղարաբաղցի հայեր դեռևս չունեն Հայաստանի քաղաքացիություն, ինչը սահմանափակում է նրանց հասանելիությունը մի շարք իրավունքների և պետական աջակցության միջոցներից օգտվելուն։ Անձը հաստատող և այլ անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնման գործում ծառացած դժվարությունները խոչընդոտում են նրանց հասանելիությունը կենսաթոշակներին, զբաղվածությանը, կրթությանը և բնակարանային ապահովմանը։

Հանձնակատարը նաև արձանագրել է, որ թեև բնակարանային աջակցությունը զգալի է, այն շատերի համար մնում է սահմանափակ՝ կապված կենսունակ աշխատանքի հնարավորություններ առաջարկող տարածքներում գույքի արժեքի և տրամադրվող աջակցության մակարդակի միջև առկա անհամապատասխանության հետ։ Բացի այդ, մտահոգություն է առաջացրել ամսական վարձակալության սուբսիդիաների վերջին կրճատումը։ Շեշտվում է նաև ինտեգրման համապարփակ ռազմավարության բացակայությունը և ղարաբաղցի հայերի հետ անբավարար խորհրդակցությունների փաստը՝ իրենց կյանքի վրա ազդող քաղաքականությունների մշակման գործընթացում։

Հարկ է հիշեցնել, որ սույն հուշագրի հրապարակմանը նախորդել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի պաշտոնական այցը ՀՀ, որը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 3-ից 5-ը։

Այցի շրջանակներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կայացած առանցքային քննարկումներին մասնակցել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Հանդիպման ընթացքում Արթուր Սաքունցը Հանձնակատարին էր ներկայացրել Կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակներում արձանագրված համակարգային և իրավական բնույթի խնդիրները՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացում առկա խոչընդոտները, անձը հաստատող և այլ կարևոր փաստաթղթերի բացակայության խնդիրները, փաստաթղթերի արտադատական կարգով վերականգնման դժվարությունները, սոցիալական աջակցության ծրագրերի հասանելիության սահմանափակումները, բնակարանային ապահովման պետական ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, պետական տուրքից ազատման արտոնության բացակայությունը, ինչպես նաև կեցության ծախսերի փոխհատուցման նոր ծրագրերի բացակայությունը։

Այս համատեքստում կարելի է արձանագրել, որ Կազմակերպության կողմից պատրաստված զեկույցն ունեցել է իր ուրույն և նշանակալի դերակատարումը՝ միջազգային մակարդակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համակարգային խնդիրների բարձրաձայնման և փաստագրության գործում։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հուշագրում արտացոլված հիմնական մտահոգությունները և արձանագրված մարտահրավերները ներառում են Կազմակերպության զեկույցում նախապես ներկայացված գնահատականները, ինչը վկայում է, որ Կազմակերպության իրականացրած փաստագրական գործունեությունը նպաստել է միջազգային մակարդակում առկա խնդիրների պատշաճ ընկալմանը և դրանց նկատմամբ ուշադրության ձևավորմանը։