|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Դավիթ Իշխանյանի և Բաքվում պահվող մյուս պատանդների ընտանիքները պատրաստակամ են Բաքու գնալու՝ իրենց հարազատներին տեսակցելու․ ABC media-ի հետ հարցազրույցում ասել է Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։
«Ոչ միայն Ռուբեն Վարդանյանի ընտանիքն է պատրաստակամություն հայտնել, այլ նաև մենք՝ բոլոր գերիների ընտանիքները, պատրաստակամություն ենք հայտնել գնալու: Այժմ համապատասխան մարմինների հետ քննարկում ենք այդ թեման»,- ասել է Արմեն Իշխանյանը։
Իշխանյանի ընտանիքը վերջին անգամ Դավիթ Իշխանյանի հետ խոսել է մայիսի 6-ին, իսկ ի՞նչ ազդեցություն է ունեցել ԿԽՄԿ բացակայությունը Ադրբեջանում ընտանիքի և գերության մեջ գտնվող հարազատների համար։
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բացակայության պատճառով չենք կարող սնունդ և հիգիենայի պարագաներ ուղարկել, տեղյակ չենք նաև պահման պայմաններից»,- ասել է Արմեն Իշխանյանը։
Դավիթ Իշխանյանի որդու խոսքով՝ հոր գերության մեջ գտնվելու ընթացքում իրենց ընտանիքն ընդամենը մեկ անգամ է հանդիպել ՀՀ ՄԻՊ-ին։
«Այս երկուսուկես տարվա ընթացքում ՄԻՊ-ի հետ հանդիպել ենք մեկ անգամ՝ մեր նախաձեռնությամբ: Բարձրացրել ենք որոշ հարցեր, որին խոստացել էր պատասխաններ տալ, բայց մինչ օրս պատասխանները չկան։ Անահիտ Մանասյանն ասեց, որ կապի մեջ է Ադրբեջանի գործընկերոջ հետ և կփորձի մեզ օգնել որոշ հարցերում»,- եզրափակել է Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 6-ին Բաքվի բանտից Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ձայնագրություն է ուղարկել։ Նա դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին ու հայ ժողովրդին։ Այսօր ուղերձ է հղել նաև Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը ու խոսել բանտային անմարդկային պայմանների մասին։