Միասին կարող ենք
կարևոր
412 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-08 17:15
Հասարակություն

50%-ով աճելու է կենսաթոշակը, նվազեցվելու է գույքահարկը, վերանայվելու է հոսանքի գինը, «Հայաստան» դաշինքի սոցիալական ծրագիրը

«Ստեղծված սոցիալական ծանր իրավիճակի պատճառն արտաքինը չէ, ծանր հոգեբանական վիճակը չէ, որ ստեղծվել է, սրա պատճառը նաև խորը սոցիալական հիմքն է, որ այս իշխանությունը, ցավոք սրտի, բերեց և շարունակում է ամրապնդել։ Սրա պատճառն է նաև այն, որ բնակչության եկամուտների ակնհայտ անհամաչափ բաշխման վիճակ է ստեղծվել»,-««Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական ուղենիշներ» շնորհանդեսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ սոցիալապես խոցելի խավի եկամուտներն ակնհայտորեն հետ են մնում կյանքի թանկացումներից։

«Ոչ միայն շեշտակի աճում են առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները, դեղորայքն ու կոմունալ վճարները, այլև գույքահարկը, հանրային տրանսպորտի սակագինը։ 100-հազարավոր քաղաքացիներ կանգնած են ամենօրյա դժվարին ընտրության առաջ՝ չնչին եկամուտով վճարել ջեռուցմա՞ն, թե՞ կենսական դեղորայքի համար»,- ասաց Մինասյանը։

Նշելով, որ «Հայաստան» դաշինքի առաջնային քայլերը սոցիալական բևեռացումը վերացնելն է՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է նվազագույն կենսաապահովման զամբյուղի արժեքին, նաև ինդեքսավորվելու են՝ այսինքն՝ գնաճից ոչ պակաս ամեն տարի ավտոմատ, օրենքի ուժով դրանք բարձրանալու են, այլ ոչ թե քաղաքական ուժի ցանկությամբ աճեն։ Բազային կենսաթոշակն աճելու է առնվազը 50 %-ով, և պարտադիր ինդեքսավորվելու է գնաճին զուգահեռ։ Ձմռան ամիսներին ամբողջությամբ կփոխհատուցվեն սոցիալապես անապահով  միայնակ թոշակառուներին,  ծայրահեղ աղքատ և երեխա ունեցող ընտանիքների գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը»։

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ վերանայելու են էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը, որի նպատակն է լինելու իջեցնելու ցերեկային սակագինը։

«Նվազեցնելու ենք գույքահարկը, 2026 թվականի համար նախատեսված այս այլանդակ բարձրացումը չեղարկվելու է և կիրառելու ենք շքեղության հարկ, այսինքը՝ հարուստները և գերհարուստները վճարելու են ցածր և միջին եկամուտ ունեցող մարդկանց փոխարեն։ Սոցիալական համերաշխությունը վերականգնելու ենք նաև եկամուտների արդար վերաբաշխմամբ»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը՝ և հավելեց, որ չեղարկվելու է նաև համատարած հայտարարգրումը և այդ քայլերն ամրացնելու են սոցիալական պետություն կառուցելու որդեգրած քաղաքականությունը։

Նա տեղեկացրեց, որ ողջ աշխարհում հայութայն կապիտալը մեղմ հաշվարկներով՝ 400 մլրդ դոլար է և դաշինքի ծրագրով նախատեսված «Բազմանպատակ ֆոնդի» միջոցով ներգրավելով դրա 5 %-ը, նպաստելու են պետության զարգացմանը։

Նկատելով որ ներկայում առողջության ապահովագրությունը խնդիրներ է ստեղծել բժիշկների և բուժառուների համար՝ Մինասյանը հայտարարեց, որ դաշինքի ծրագրով նախատեսված է պահպանելով համարկարգն, այն կատարելագործել, որպեսզի պրոբլեմներ չլինեն։

 «Այսօր մենք եկել ենք, որպեսզի էլ ավելի ամրացնենք ընտանիքի պաշտպանությունը՝ «Ընտանիքի աճի մոդելով» յուրաքանչյոր երկրորդ երեխայից հետո եկամտահարկը կնվազի ևս 2%-ով»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ տաքսու վարորդների և գյուղացիների աշխատած տարիները հաշվարկվելու է աշխատանքային ստաժ, տուգանքի բալային համակարգը վերացվելու է, իսկ արագության գերազանցումը 10 կմ/ժ-ից բարձրացվելու է 15 կմ/ժ-ի։

Իր խոսքի վերջոմ «Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ նախընտրական ծրագրով նվազագույն խոստումներն են տալիս, վստահութուն ստանալու դեպքում անելու են ավելին։

Շնորհանդեսի ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։