|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Vector News-ն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատեսում է այցելել Վրաստան։ Այս մասին հայտնում է Ռադիո Ազատությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս ֆոնին Թբիլիսիում արդեն նկատվում են հնարավոր այցին նախապատրաստության նշաններ․ օդանավակայանից դեպի քաղաք տանող կենտրոնական մայրուղու երկայնքով տեղադրված են Վրաստանի և Ադրբեջանի պետական դրոշները։ Սովորաբար նման միջոցառումներն իրականացվում են բարձր մակարդակի պաշտոնական այցերի նախօրեին։
Միաժամանակ Ռադիո Ազատությունը հայտնում է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի ձերբակալման և հետագա արտաքսման մասին։ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ նա վարչական կարգով ձերբակալվել է սոցիալական ցանցում ոստիկանության աշխատակցին վիրավորելու համար։
Հետագայում Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել նրա արտաքսման վերաբերյալ․ դատավորը որոշումը հրապարակել է առավոտյան մոտ 04:00-ին, որից հետո Սադիգովը տեղափոխվել է Ադրբեջան։ Նրան նաև երեք տարով արգելվել է մուտքը Վրաստան։
Աֆղան Սադիգովը նախկինում արդեն պատասխանատվության էր ենթարկվել Ադրբեջանում և դատապարտվել էր շորթման հետ կապված մեղադրանքներով։ Ինքը լրագրողը և նրա կողմնակիցները պնդում են, որ գործը քաղաքական բնույթ է ունեցել։ Ազատվելուց հետո նա լքել է Ադրբեջանը և բնակվում էր Վրաստանում, որտեղ ակտիվ մասնակցում էր հակակառավարական ցույցերին և մի քանի անգամ ձերբակալվել էր։
Ադրբեջանը նախկինում դիմել էր նրա արտահանձնման պահանջով, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել էր ժամանակավոր միջոցներ, որոնք սահմանափակում էին նրա արտահանձնումը։ Ի վերջո լրագրողի նկատմամբ կիրառվել է ոչ թե արտահանձնման, այլ արտաքսման ընթացակարգը՝ որպես Վրաստանի իշխանությունների վարչական որոշում։
Այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, որ Աֆղան Սադիգովի արտաքսումը պայմանավորված է Իլհամ Ալիևի սպասվող այցի հետ»։