Միասին կարող ենք
կարևոր
1222 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 09:20
Քաղաքական

Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել․ «Հրապարակ»

Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Որոշ տեղեկություններով՝ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները, քանի որ նա Մոսկվայում մի բան է խոստանում, հասնում է Հայաստան` բոլորովին այլ բան է անում եւ գործում է հայ-ռուսական հարաբերությունների դեմ։

Ուստի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին շրջաբերական է իջեցվել` ամեն ջանք գործադրել, որ Հայաստանում իշխանության գա հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու ծրագիր ունեցող ուժ։ ՔՊ-ականները հույս են ունեցել Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրել, խոսել «հիբրիդային պատերազմի» եւ երաշխավորից ազատվելուց հետո «պետություն ձեռք բերելու մասին», բայց Ռուսաստանի հետ էլ «սիլիբիլի» անել:

Դա է պատճառը, որ Մոսկվա այցելության ժամանակ նախ Ալեն Սիմոնյանն է փորձել հանդիպել Հայաստանի հարցերով կրեմլյան կուրատոր Կիրիենկոյի հետ եւ մերժում է ստացել, ապա Փաշինյանն է փորձել կազմակերպել Արայիկ Հարությունյանի եւ Կիրիենկոյի հանդիպումը, դարձյալ՝ ապարդյուն։ Իսկ նախօրեին Պուտինն ուղիղ տեքստով ասաց, որ ով էլ լինի ՀՀ իշխանություն, իրենք աշխատելու են նրա հետ։