կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 14:48
Հասարակություն

Ալեն Սիմոնյանին և ցուցարարներին կոնսենսուսի հանգել չհաջողվեց

Ալեն Սիմոնյանին և ցուցարարներին կոնսենսուսի հանգել չհաջողվեց

Քիչ առաջ հանդիպեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և տեր Ղազար քահանա Պետրոսյանը: Նրանք քննարկեցին օրեր առաջ ԱԺ ամբիոնից հայ տրանսգենդերի ելույթի մանրամասնությունները, որը դրա դեմ այսօր ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնողները որակում են որպես «պղծություն»:

Ալեն Սիմոնյանը ներկայացել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փոխարեն` նրա` հանրապետության տարածքում չգտնվելու պատճառով: Մի քանի անգամ իրեն չընդհատելու կոչերից հետո նա մանրամասնեց. «ԱԺ-ում կատարվել է հետևյալը` դա նիստ չի եղել, իսկ ամբողջ դահլիճում ընդամենը 2 պատգամավոր է եղել: Նորից եմ նշում, որ դա եղել է մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ: Այն ստեղծվել է հատուկ մարդկանց իրավունքներին վերաբերող խնդիրները լսելու համար: Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Ազգային ժողովի, առավել ևս` «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը չէ: Քաղաքականացնել պետք չէ»:

Ըստ ԱԺ փոխնախագահի` նիստին ներկա են եղել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնցից մեկն էլ եղել է տրանսգենդեր անձնավորությունը:

Նա հավաստիացրեց նաև, որ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որպես ՀԿ-ի ներկայացուցիչ, կարողացել է Ազգայի ժողովի շենք մուտք գործել Նաիրա Զոհրաբյանի ստորագրության շնորհիվ, սակայն պետք չէ թիրախավորել ԲՀԿ-ական պատգամավորին, քանի որ նա էլ չէր կարող իմանալ`ով է իրականում հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Ազգային ժողովի դահլիճում խնկարկություն իրականացնել, ապա Ալեն Սիմոնյանը նշեց, որ չգիտի, բայց ճշտելուց հետո անպայման կասի:  «Եթե անգամ չթողնեն էլ, ապա ես ինձ հետ ներս կտանեմ»,- ասաց նա:

Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ու Ալեն Սիմոնյանը քննարկեցին խնդիրը, բայց ընդհանուր կոնսենսուսի գալ չհաջողվեց: Քահանան այն կարծիքին է, որ «ԼԳԲՏ-ն հանցագործություն է և պետք է պատժվի քրեական օրենսգրքով, նվազագույնը` 4 տարի ժամկետով»: Նրա այս պնդմանն ի պատասխան` Սիմոնյանը նշեց, որ դատավոր չէ ու մարդկանց չի պատժում:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին մեղադրեց «Կյանքի խոսք» աղանդին հարելու մեջ, ինչին Սիմոնյանը կոշտ պատասխան տվեց. «Ինձնից շատ հավատացյալ չլինեք: Ես աղանդի չեմ հարում, իսկ դուք այստեղ եք` այլ նպատակներ հետապնդելով»:

Հավելենք նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը րոպե առ րոպե ավելանում է.  նրանք շարժվում են Ազգային ժողով` շենքի մուտք գործելու նպատակով, ինչպես նաև փակում են Բաղրամյան պողոտան:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԺ բակում տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելու դեմ բողոքի ակցիա են իրականացնում մի շարք ցուցարարներ: