Միասին կարող ենք
կարևոր
262 դիտում, 1 օր առաջ - 2026-03-26 13:50
Քաղաքական

Ալիևի՞ն եք ժողովրդի վրա տղա բերում, Ալիևո՞վ եք մեզ սպառնում մի աթոռ պահելու համար. Աննա Գրիգորյան

Ալիևի՞ն եք ժողովրդի վրա տղա բերում, Ալիևո՞վ եք մեզ սպառնում մի աթոռ պահելու համար. Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը «ՔՊ»-ականներին հարց է հղել՝ եթե 2018-ին բանակցությունները գտնվում էին փակուղում, եթե պատերազմն անխուսափելի էր, ապա ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կատարել է քայլեր, որոնք միայն կկարագացնեին վերահաս պատերազմը։ 

«Գնալով Ստեփանակերտ ու հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ», տավուշյան դեպքերը ներկայացնելով որպես մի մեծ Սարդարապատ և հետո ազգային հերոսների պարգևներ շնորհելով․ եթե պատերազմը վերահաս էր, անխուսափելի էր, և գիտեիք, որ բանակցությունները փակուղում են, պետք է փորձեիք այդ փակուղուց դուրս գալ, ոչ թե սադրել, իրականացնել գործողություններ, որոնք Ալիևի ձեռքերը կբացեին։ Այս տրամաբանական շղթան կտրվում է այն պահին, երբ պետք է հիշեք, թե ինչ գործողություններ է իրականացրել Նիկոլ Փաշինյանը։ Երբ այստեղ խոսվեց արցախցիների իրավունքների մասին, ասվեց, որ պետք է փակենք այս էջը, արցախցիների վերադարձի մասին որևէ խոսք չպետք է հնչեցվի, որովհետև Ադրբեջանն էլ խոսելու է ադրբեջանցիների վերադարձի մասին։ Պետք է ասեմ, որ սրանք նույն հարթության վրա դնելը ճիշտ չէ։ Բայց, այնուամենայնիվ, եթե նույնիսկ դուք չեք խոսում, դուք փակել եք արցախցիների վերադարձի թեման, իսկ Ադրբեջանը փակե՞լ է։ Պետական ֆինանսավորում է տրամադրում հայտնի ՀԿ-ներին, որոնք խոսում են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին։ Այդ «հայելային» քաղաքականությունը որևէ կերպ չի աշխատում։ Ադրբեջանցիների վերադարձը դարձել է պետական քաղաքականություն Ադրբեջանի համար, և որքան էլ չխոսեք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, Ադրբեջանը միևնույն է խոսում է։ Հայաստանը պետք է պաշտպանի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի միջազգայնացման օրակարգը»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ նախընտրական շրջափուլում տարբեր խոստումներ են հնչելու, սակայն ողբերգություն է, երբ գործող իշխանությունը ոչ թե խոստում է տալիս, այլ սպառնում է սեփական ժողովրդին վերահաս պատերազմով։

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում էր անում՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Իհարկե, այլ համատեքստում, այլ իրավիճակում։ Հիմա, փաստորեն, այդ տրամաբանությունը տրանսֆորմացվել է և դարձել է՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ դուք բոլորդ պետք է պատերազմի մեջ հայտնվեք, Ալիևը ձեր վրա կհարձակվի»։ Ալիևի՞ն եք մեր ժողովրդի վրա «տղա բերում», Ալիևո՞վ եք մեզ սպառնում՝ միայն նրա համար, որ մի աթոռ պահեք։ Հաջորդը ի՞նչ եք ասելու․ որ եթե Սահմանադրությունը չփոխենք, Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից չհանենք, պատերազմ է լինելու՞։ Պատերազմի և շանտաժի գնով ինչքա՞ն եք պատրաստ ձեր աթոռները պահել»,- ասաց պատգամավորը։

Գրիգորյանը, դիմելով իշխանավորներին, նշեց, որ եթե կարծում են՝ Դադիվանքը հայկական չէ, ապա թող ԱԺ ամբիոնից ասեն այդ մասին, որպեսզի ժողովուրդը հասկանա իրենց դիրքորոշումը։

«Դադիվանքը մերն է, հայկական է, ուրիշ կարծիք լինել չի կարող։ Ձեր կուսակիցներից Արմեն Գրիգորյանի հարսանիքը եղել է Ղազանչեցոցում։ Այդ հարսանիքը եղել է հայկական սուրբ Ղազանչեցոցում։ Մերը չի՞, հայկական չի՞։ Սա տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ, թե՞ սեփական մշակույթը պաշտպանելու ցանկություն։ Արարատը մե՞րն է, թե՞ չէ։ Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն են, մեր ինքնության տարբեր գագաթներն են։ Արարատը մեր ինքնության մաս չէ՞, թե՞ դա էլ եք համարում կայսերական ինքնության ձևավորման կտոր։ Ես չեմ կարծում։ Արարատն իմ ինքնության ձևավորման մասն է։ Եթե ձեր ինքնության մասը չէ, եկեք կանգնեք այստեղ և ասեք՝ Արարատի հետ մենք կապ չունենք։ Ուրեմն պետք է փոխե՞նք Արարատ քաղաքի անունը, մարզի անունը։ Ի վերջո, ԱԳ նախարար ունենք Արարատ անունով․ ինքը քայլող սադրանք՞ է»,- ասաց նա։