Միասին կարող ենք
կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-12 13:07
Քաղաքական

Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը, դատական և անվտանգության կառույցների չարաշահումը մտահոգություններ են առաջացնում

Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը, դատական և անվտանգության կառույցների չարաշահումը մտահոգություններ են առաջացնում

Հայաստանում քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար միջավայրի վատթարացումը լուրջ մտահոգություններ է առաջացնում այն ժողովրդավարական պայմանների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են արդար և ազատ ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան (International Observatory for Democracy in Armenia / IODA) նախաձեռնությունը՝ ներկայացնելով իր նախնական գնահատականը այս շաբաթ Հայաստանում իրականացրած առաջին փաստահավաք առաքելությունից հետո։

Կառավարության կողմից դատական իշխանության և կրոնական հաստատությունների անկախության նկատմամբ միջամտության, ինչպես նաև ենթադրյալ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքականացված քրեական հետապնդումների վերաբերյալ առկա փաստերը՝ ներառյալ քաղաքական առաջնորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավաբանների և հոգևորականների նկատմամբ գործողությունները, խաթարել են քաղաքական մրցակցության հավասար պայմանների նկատմամբ վստահությունը։

«Թշնամական հարևաններով շրջապատված փոքր երկրի համար Հայաստանի ամենաթանկարժեք ակտիվը նրա ժողովրդավարությունն է։ Տարածաշրջանում այդ հազվագյուտ երևույթը դառնում է հատկապես մտահոգիչ այն պայմաններում, երբ կառավարության քայլերը աստիճանաբար սահմանափակում են ժողովրդավարական ազատությունները՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ», - ասել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Քեննեթ Ռոթը։

«Միջազգային հանրությունը, ցավոք, իր ուշադրությունը կենտրոնացրել է ոչ թե ամենակարևորի՝ կենսունակ ժողովրդավարության պահպանման վրա, այլ ընտրությունների արդյունքում որևէ կողմնակալ արդյունք ապահովելու վրա՝ լինի այն «արևմտամետ» թե «ռուսամետ»», — նշել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Ֆիլիպ Քալֆայանը։

IODA-ն անկախ և ոչ կուսակցական նախաձեռնություն է, որը ստեղծվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը դիտարկելու համար՝ 2026 թվականի հունիսին նախատեսված ընտրություններից առաջ։ Կազմակերպությունը որևէ ազգային կառավարության կամ միջազգային կառույցի հետ կապ չունի և կազմված է բացառապես մարդու իրավունքների անկախ փորձագետներից։

IODA-ի պատվիրակությունը, որ Հայաստանում գտնվել է մարտի 7-ից 12-ը, իր նախնական գնահատականը կազմել է երկրի տարբեր դերակատարների հետ հանդիպումների հիման վրա՝ ներառյալ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, հոգևորականների, հասարակական կազմակերպությունների և ընտրությունների ամբողջականությունն ու մարդու իրավունքները ապահովող պետական մարմինների հետ խորհրդակցություններից հետո։ Արդարադատության և ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը, ինչպես նաև կառավարող կուսակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիրը, հրաժարվել են հանդիպել պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Քեննեթ Ռոթը, Ֆիլիպ Գալֆայանը, Սառա Լիհ Ուիթսոնը և Մարկ Ջոնսը։

IODA-ի պատվիրակության նախնական գնահատականում նշված հիմնական մտահոգությունները ներառում են հետևյալ փաստերի առկայությունը.

  • Քաղաքական շարժառիթներով ձերբակալություններ և կալանքներ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի՝ «Ուժող Հայաստան» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի, Արշակ Խաչատրյանի և Մկրտիչ եպս. Պռոշյանի նկատմամբ, երբեմն նաև՝ ոստիկանության կողմից խիստ և անհամաչափ ուժի կիրառմամբ և հաճախ՝ երկարատև ու անհարկի նախնական կալանքով.
  • Դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձեր, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի միջոցով, ինչի հետևանքով որոշ դատավորներ հեռացվել են պաշտոնից՝ ըստ երևույթին քաղաքական շարժառիթներով, ինչպես նաև քաղաքական կողմնակալության նշաններ այն դատավորների նշանակման գործընթացում, որոնք քննության են առնում ընդդիմադիր գործիչների գործերը.
  • Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածների չափից ավելի կիրառություն՝ խոսքի հետ կապված իրավախախտումները քրեականացնելու համար (օրինակ՝ «խուլիգանություն» կամ «կառավարության տապալման կոչեր»), որոնց հիմքով հետապնդվում են պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ և լրատվամիջոցներ.
  • Դատական համակարգի և անվտանգության կառույցների ակնհայտ օգտագործում կառավարության կողմից քաղաքական ընդդիմախոսների դեմ։

«Հայաստանի իշխանությունների համար դժվար է պնդել, որ ընտրությունները լինելու են արդար և ազատ, երբ երկրի առաջատար ընդդիմադիր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը, շարունակում է գտնվել տնային կալանքի տակ՝ ըստ երևույթին անհիմն մեղադրանքներով», — նշել է Սառա Լիհ Ուիսթոնը և ավելացրել․ «Կառավարությունը կարծես օգտագործում է օտարերկրյա միջամտության վերաբերյալ ապացույցներ չունեցող պնդումները, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները աչք փակեն իր կողմից կիրառվող ավելի ու ավելի ավտորիտար գործելաոճի վրա։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը այնքան է ձգտում պահպանել իր իշխանությունը, որ պատրաստ է այդ գործընթացում վտանգի տակ դնել Հայաստանի նոր ձևավորվող ժողովրդավարությունը»։

Առաջիկա ընտրությունները տեղի են ունենալու լարված քաղաքական միջավայրում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևիի միջև արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո կնքված վիճահարույց համաձայնագրի ֆոնին։

IODA-ի պատվիրակությունը նաև նշել է, որ Եվրոպական միությունը, ամերիկացի, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները փորձել են ազդել Հայաստանի ընտրական գործընթացի վրա՝ հրապարակայնորեն արտահայտելով իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 12 միլիոն եվրո՝ հիմնականում ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությունը վերահսկելու նպատակով։ Միաժամանակ, թեև կառավարությունը մի շարք ընդդիմադիր առաջնորդների, հոգևորականության ներկայացուցիչների և քաղաքական ուժերի մեղադրել է «ռուսամետ» լինելու մեջ, մինչ այժմ որևէ ապացույց չի ներկայացվել այդ խմբերի կողմից ապօրինի գործողությունների վերաբերյալ։

«Եթե ԵՄ պաշտոնյաները իսկապես ցանկանում են աջակցել Հայաստանին, ապա լավագույն քայլը կլինի պնդել, որ կառավարությունը հարգի Հայաստանի քաղաքացիների իրավունքները և ապահովի իսկապես ազատ ու արդար ընտրություններ», — նշել է Մարկ Ջոնսը և հավելել․ «Հայաստանին վերաբերվելը որպես պարզապես աշխարհաքաղաքական մրցակցության տարածք՝ անարգանք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որը երկար պայքարել է իր անկախության, ազատության և ժողովրդավարության համար։ Եվրոպան չպետք է ընդունի ժողովրդավարության զոհաբերումը աշխարհաքաղաքական մրցակցության անվան տակ»։

IODA-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել armeniaobservatory.org կայքում։