կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-01 11:32
Հասարակություն

Անգլերենի դիմորդները կարող են լրացուցիչ քննություն հանձնել. թեստերում սխալներ են եղել

Անգլերենի դիմորդները կարող են լրացուցիչ քննություն հանձնել. թեստերում սխալներ են եղել

Օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հունվարի 31-ին 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում 53 քննական կենտրոններում ավելի քան 7 հազար դիմորդ (հայտագրվել է 7 321 –խմբ.) քննություն է հանձնել «Օտար լեզուներ» առարկայից։ Սոցցանցերում բազմաթիվ ծնողներ ու դիմորդներ հայտնել են քննական թեստերում սխալների, քննական կենտրոններում աղմուկի ու քննության ընթացքը հսկողների կոպիտ վերաբերմունքի մասին։

«Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել` 30֊45 րոպե։ Խնդիրը հարթվել է: Կարճ ժամանակում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ, որքան էլ անցանկալի է, պատահում են։ Կարևորը` որ ժամանակին արձագանքեն և լուծում տան»,-գրել է ԳԹԿ մամուլի քարտուղարը։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը:

Քննության օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։