Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Ռազմական մեթոդները պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ չեն աշխատում. անհրաժեշտ է համապարփակ մոտեցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լրագրողների հարցերին պատասխանելու ընթացքում։
Մակրոնը հայտարարել է, որ Պաղեստինի Պետության ճանաչումը չի նշանակում մոռանալ 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակումը։
«Ոչ ոք չի մոռանում հոկտեմբերի 7-ը», - նշել է Մակրոնը՝ հավելելով․ «Բայց գրեթե երկու տարի տևած պատերազմից հետո ո՞րն է արդյունքը։ Սա առաջ շարժվելու ճիշտ ուղին չէ։ Հետևաբար, մեզ անհրաժեշտ է համապարփակ գործընթաց, և մենք շատ ջանասիրաբար աշխատում ենք ապագայի համար լուծում գտնելու վրա»։
Թրամփը դատապարտել է արևմտյան տերությունների և ԱՄՆ դաշնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետությունը ճանաչելու քայլերը՝ ասելով, որ նման քայլերը կխրախուսեն ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից կատարված «սարսափելի վայրագությունները»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ գրառում է կատարել X միկրոբլոգում։
BFMTV-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր Թրամփի հետ հանդիպումից առաջ, Մակրոնը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը չի կարող հավակնել Նոբելյան խաղաղության մրցանակին, քանի դեռ չի ավարտել հակամարտությունը Գազայի հատվածում: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները լավագույն դիրքում են այս հակամարտության կարգավորման վրա ազդելու համար, քանի որ շարունակում են Իսրայելին մատակարարել զենք, որն օգտագործվում է Գազայի հատվածում ռազմական գործողություն իրականացնելու համար: Նա կոչ է արել Վաշինգտոնին «ճնշում գործադրել Իսրայելի կառավարության վրա»՝ ռազմական գործողությունների դադարեցման, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած պատանդների ազատ արձակման և մարդասիրական միջանցքների բացմանը հասնելու համար:
Նախորդող օրերին մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Բելգիան, Պորտուգալիան, Մոնակոն, Մալթան, Լյուքսեմբուրգը և Անդորրան ճանաչել են Պաղեստինի Պետությունը։