կարևոր
1627 դիտում, 9 ժամ առաջ - 2025-06-16 12:24
Աշխարհ

Իրանն ԱՄՆ-ի հետ չի բանակցի Իսրայելի հարձակման ընթացքում

Իրանն ԱՄՆ-ի հետ չի բանակցի Իսրայելի հարձակման ընթացքում

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների միջնորդ հանդիսացող Կատարին և Օմանին հայտնել է, որ պատրաստ չէ հրադադարի շուրջ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը հարվածներ է հասցնում երկրին։ Այս մասին Reuters-ին հայտնել է համապատասխան շփումներից տեղյակ մի պաշտոնյա, որի անունը չի նշվում։

«Իրանցիները տեղեկացրել են Կատարի և Օմանի միջնորդներին, որ իրենք լուրջ բանակցություններ կվարեն միայն այն բանից հետո, երբ Իրանն ավարտի իր պատասխանը Իսրայելի կանխարգելիչ հարվածներին», - ասել է պաշտոնյան:

Նա հավելել է, որ Իրանը «հստակ հասկացրել է, որ չի բանակցելու, երբ հարձակման տակ է գտնվում»։

Պաշտոնյան Reuters-ին ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Իրանը դիմել է Օմանին և Կատարին, որպեսզի նրանք ԱՄՆ-ին ներգրավեն հրադադար հաստատելու գործում և վերսկսեն միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

Իրանի, Կատարի և Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունները չեն արձագանքել այս թեմայի շուրջ մեկնաբանություն տալու Reuters-ի հարցմանը։