կարևոր
1300 դիտում, 8 ժամ առաջ - 2025-06-16 10:09
Տնտեսական

10 օրից ավելի է ծիրանով բեռնված բեռնատարները չեն կարողանում մուտք գործել ՌԴ․ ահազանգ

10 օրից ավելի է ծիրանով բեռնված բեռնատարները չեն կարողանում մուտք գործել ՌԴ․ ահազանգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանին արտահանողները ահազանգել են, որ 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

«Արտահանողները փոխանցում են, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

Բեռնատարների վարորդները պատշաճ կերպով չեն ծանուցվում գործընթացը խոչընդոտող պատճառների մասին․ խոսակցություններ կան, որ խնդիրը պայմանավորված է ինչ-ինչ թղթաբանական անճշտություններով։

Այս ամենի հետևանքով, փչանում է բերքը՝ ահռելի վնասներ հասցնելով արտահանողներին։ Տուժում է նաև գյուղացին՝ չկարողանալով մթերել ծիրանը։

Արտահանողներն ինձ փոխանցում են, որ ՌԴ-ում Հայաստանի մաքսային կցորդը չի պատասխանում իրենց զանգերին։

Խնդրի պատասխանատուն նաև ՀՀ կառավարությունն է, որը օր առաջ պետք է կապ հաստատեր ռուսական կողմի հետ՝ փորձելով հարթել խնդիրը։

Նման վերաբերմունքը անթույլատրելի է, հերթական հարվածը՝ մեր գյուղատնտեսությանը։

Դեռևս ամիսներ առաջ մենք մտահոգություններ էինք հայտնել, որ գյուղատնտեսական սեզոնին գյուղացիներն ու արտահանողները կարող են բախվել նման խնդիրների։ Ցավոք, դրանք իրականություն են դառնում։

Հիշեցնեմ նաև, որ տևական ժամանակ է՝ ինչ խոստացվել, բայց չի կարգավորվել կոնյակագործների խնդիրը ևս։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը պարտավոր է իր բոլոր ջանքերը ներդնել՝ այս խնդիրները լուծելու ուղղությամբ։

Տպավորություն է, որ կոնկրետ ոլորտներ, որոնք մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն, գիտակցաբար տապալում են։

Փոխարենը՝ զբաղված են մեր ազգային արժեքներն ու կառույցները քննելով ու թիրախավորելով»։