կարևոր
826 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-01 11:06
Աշխարհ

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ

Վաշինգտոնը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածոների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է bbc.com-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն զգալի ֆինանսական և նյութական աջակցության, որն ամերիկյան ժողովուրդը ցուցաբերել է Ուկրաինայի պաշտպանության համար Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր»:

«Այս տնտեսական համագործակցությունը թույլ է տալիս երկու երկրներին աշխատել միասին՝ ապահովելու, որ մեր ընդհանուր ակտիվները, տաղանդները և կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ կողմերը կաշխատեն «վերջնական հաստատման վրա, թե ինչպես է կառավարվելու ծրագիրը և զարգացվելու այս կարևոր գործընկերությունը»։

«Ինչպես նախագահն է ասել, Միացյալ Նահանգները հավատարիմ է այս դաժան և անիմաստ պատերազմին վերջ տալուն: Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որի կենտրոնում երկարաժամկետ հեռանկարում կլինի ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինան»,- ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

Փաստաթղթի ստորագրման մասին հայտարարել է նաև Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ ստորագրել եմ համաձայնագիր՝ ստեղծելու ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման ներդրումային հիմնադրամ: Շնորհակալություն նախագահներին իրենց առաջնորդության համար: Շնորհակալություն բոլորին, ովքեր աշխատել են համաձայնագրի համար և այն ավելի իմաստալից դարձրել: Այժմ փաստաթուղթը կարող է հաջողություն ապահովել մեր երկու երկրների համար»,- գրել է նա Facebook-ում:

Նա հավելել է, որ համաձայնագիրը պետք է վավերացվի Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից։