Փոխարժեքներ
15 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտնում է․ «Ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում «Ադրբեջանի Հանրապետության» կողմից վարվող պետական մակարդակի նպատակաուղղված և համակարգված քաղաքականությունը աճում է եկրաչափական պրոգրեսիայով։ Ծանր շինարարական և ռազմական տեխնիկայի կիրառմամբ օրեցօր ընդլայնվում են հայաթափված բնակավայրերի և թաղամասերի լիակատար ավերման ծավալները։
Այս քաղաքականության հիմնական նպատակն է՝ ոչ թե պարզապես վերացնել հայ բնակչության ֆիզիկական ներկայությունը, այլ ամբողջությամբ ջնջել նրա նյութական, մշակութային և պատմական ժառանգության հետքերը՝ Արցախը վերաձևելով որպես «ազատագրված» տարածք ադրբեջանական նարատիվի համաձայն։ Սույն քաղաքականության հերթական զոհն է դարձել Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։ Արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ գյուղը, որը բռնազավթվել էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից 2020թ․ սանձազերծած պատերազմի ընթացքում, 2021 և 2024 թվականների տվյալներով կրում էր լայնածավալ ավերածություններ, իսկ 2025թ․ արբանյակային պատկերները վկայում են ամբողջական և համակարգված ավերման մասին։
Սարգսաշենը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է։ Սա մեկ օրինակ է Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարությունից։ Տասնյակ գյուղեր և քաղաքներ կամ ամբողջությամբ, կամ` մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով մշակութային, պատմական և քաղաքակրթական ժառանգության լիակատար ջնջում։ Այդ վայրերի թվում են՝ Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքն իր Ձորագյուղով։ Այս բոլոր բնակավայրերը ոչ միայն ֆիզիկապես են ոչնչացվում, այլ ջնջվում են նաև որպես մշակութային հիշողության կրողներ։ Այստեղ այլևս կասկածի տեղիք, որևէ եզր չկա. Արցախում կատարվում է ոչ միայն 21-րդ դարի, այլև մարդկության պատմության ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։ Խոսքը զուտ մարդկային զոհերի կամ պատերազմի ավերածությունների մասին չէ։ Խոսքը համակարգված, ծրագրավորված մշակութային ու քաղաքակրթական վերացման մասին է, որը պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում և արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին»։