կարևոր
1924 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-08 09:18
Հասարակություն

Իսկ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները. «Փաստ»

Իսկ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մեկնարկել է ԵՄ փորձագիտական առաքելության երկրորդ այցը Հայաստան, որի նպատակն է, ըստ պաշտոնական հաղորդման, գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը։ Ընդհանրապես, վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել իշխանության ներկայացուցիչները խոսել այս թեմայի շուրջ: Հունվարին Դավոսում Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե ինքը հույս ունի, որ կհաջողվի հնարավորինս շուտ ավարտել վիզաների ազատականացման մասին բանակցությունները և ստորագրել փաստաթուղթը։

Սակայն որքան շատ է խոսվում այդ մասին, այնքան բարդանում է Հայաստանի քաղաքացիների՝ Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունը: Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ վիզաների աջակցման կենտրոնները (հատկապես Ֆրանսիայի և Իտալիայի «գծով») պարզապես դժոխքի են վերածել մարդկանց կյանքը: Նախ՝ մեզ դիմած մի շարք քաղաքացիներ դժգոհում էին, թե ամեն ինչ արվում է, որ «առաջին անգամից» վիզա չտրվի. դե, ամեն դիմումը մոտավորապես 35 հազար դրամ է (վիզայի գումար+վիզաների կենտրոնի վճար): Խոսքն առաջին հերթին նրանց մասին է, ովքեր փորձում են ինքնուրույն դիմել, այլ ոչ թե օգտվել նույն կենտրոնների վճարովի ծառայությունից (հավել յալ նվազագույնը 25-30 հազար դրամ): Իսկ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ մերժելու պատճառ չկա (ասենք՝ բազմիցս նախկինում ունեցել են տարբեր ժամկետներով վիզաներ), «հանկարծ» պարզվում է, որ թղթերում կամ «բուքի» ընթացքում, օրինակ՝ ինչ-որ թիվ սխալ է կամ պակաս է: Ոչ մի ընդառաջում, ոչ մի նորմալ վերաբերմունք: Ընդհակառակը, մեզ հետ զրույցում մարդիկ նշում էին, թե որքան կոպիտ ու «վերևից» են շփվում իրենց հետ:

Այս ամենն, ի դեպ, առաջին հերթին վնասում է հենց դեսպանատների ու ԵՄ անդամ երկրների հեղինակությանը, սակայն երևի թե կառավարությունն էլ պարտավոր է զբաղվել այս հարցերով. ի վերջո, խոսքը ՀՀ քաղաքացիներին է վերաբերում: