կարևոր
2155 դիտում, 14 ժամ առաջ - 2025-03-22 12:31
Հասարակություն

Հայաստանում կենսաբանական թունավորման զենքի 13 լաբորատորիա կա. fact-check.am

Հայաստանում կենսաբանական թունավորման զենքի 13 լաբորատորիա կա. fact-check.am

Fact-check.am-ը գրում է․ «ԽՍՀՄ տարիներին իր գիտական պոտենցիալով Հայաստանը մանրէաբանական գիտության առաջատար կենտրոններից մեկն էր և հաջողությամբ ուսումնասիրում էր միկրոօրգանիզմների, դրանց դեմ պայքարի մեթոդները: Ոլորտում կուտակված փորձը մեծ նշանակություն է ունեցել խորհրդային հսկա տերության արդյունաբերական արտադրության զարգացման գործում։ 

Խորհրդային միության փլուզումից հետո ԱՄՆ-ն միանգամից փորձեց իր ձեռքը վերցնել մշակված գիտական հետազոտությունները և դրանք օգտագործել ինչպես առողջապահական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Եվ ահա, 1990-ականներից ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսական աջակցությամբ հետխորհրդային մի շարք երկրներում ստեղծվել են բազմաթիվ կենսաբանական լաբորատորիաներ։  

Ամերիկյան ռազմական գերատեսչության ֆինանսավորմամբ լաբորատորիաներ կան Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ուկրաինայում և Հայաստանում։ 

ԱՄՆ պաշտպանության նախարարության կազմում գործող DTRA (Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագիր) գործակալությունը ոչ միայն ֆինանսավորում է հետխորհրդային երկրներում գործող այդ լաբորատորիաները, այլև մասնագետների վերապատրաստում, նաև իր մասնագետներին գործուղում նշված երկրներ և տեղում իրականացնում համապատասխան փորձարկումներ և կենսաբանական մշակումներ։ 

Այս գործակալության տարեկան բյուջեն գերազանցում է 2 մլրդ դոլարը։ Հայաստանում միայն 2016 թվականին բացված բիոլաբորատորիաների վրա ԱՄՆ-ն ծախսել է 15,5 մլն դոլար։ Նշվում է, որ յուրաքանչյուր լաբորատորիայի վերազինումը գերազանցում է մի քանի մլն դոլարը։

2024թ․ հունվարին տեղեկություն տարածվեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ այցի շրջանակում Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու վերաբերյալ: Հայտնի դարձավ նաև, որ ամերիկյան բիոլաբորատորիան տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ: 

Ամերիկյան ֆինանսավորմամբ բիոլաբորատորիաները Հայաստանում գործում են Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Արարատի և Սյունիքի մարզերում: Երևանից բացի, առավել լավ վերազինված լաբորատորիաներ կան Իջևանում, Գյումրիում, Մարտունիում, Կապանում, Վանաձորում։ 

Միայն Երևանում գործող «Ռեֆերենս» լաբորատորիաներում աշխատում է շուրջ 140 մարդ, ներառյալ`ադմինիստրատիվ կազմը: Յուրաքանչյուր հարկում գործում են տարբեր նշանակություն ունեցող ենթալաբորատորիաներ:

ՀՀ առողջապահության նախարարությունը բոլոր մտահոգություններին արձագանքում է հենց Երևանի լաբորատորիան մատնացույց անելով, սակայն մարզային լաբորատորիաները պահպանվում են խիստ գաղտնիության պայմաններում։ 

Շրջապատող երկրներում տարեցտարի ավելացող ու խորհրդավոր գաղտնիության պայմաններում գործող ամերիկյան բիոլաբորատորիաների առումով իր մտահոգությունը հայտնելով՝ Ռուսաստանը 2024-ի ամռանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկել խնդիրը, նմանատիպ պահանջ է ներկայացնում նաև Չինաստանը։  

Տարօրինակ զուգադիպությամբ, որքան շատ են լինում ամերիկյան այդ կասկածելի լաբորատորիաների գործունեության մասին հարցադրումներ, այնքան ավելի ակտիվ ու ագրեսիվ կերպով են ամերիկյան դրամաշնորհներով սնվող լրատվամիջոցները արձագանքում ու մեղադրում անհեթեթ դիտարկումների համար՝ դրանք անվանելով կեղծ, մանիպուլյատիվ, չստուգված տեղեկություններ ու ենթադրություններ։

2023-ի հունվարից էլ  Հանրային հեռուստաընկերությունը գործի անցավ՝ պնդելով, թե ԱՄՆ պաշտպանության նախարարության փողերով ստեղծված լաբորատորիաները նախկին սանէպիդկայաններն են և որևէ կասկածելի գործունեություն չեն կատարում։

Պարզ հարցադրմանը, թե ինչու են առողջապահական այդ հիմնարկները ֆինանսավորվում այլ երկրի ռազմական գերատեսչության կողմից, հնչում է պատասխան, թե ԱՄՆ-ն նպատակահարմար է գտել գումար հատկացնել Պենտագոնի զանգվածային ոչնչացման զենքերին հակազդելու «Վտանգների նվազեցման գործակալության» կողմից։ 

2019-ի նոյեմբերին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ «Սիվիլնեթի» հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանում գործող այդ բիոլաբորատորիաները որևէ վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար՝ պնդելով, թե դրանցում աշխատում են բացառապես հայ մասնագետները: Մինչդեռ  Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի եթերում Հայաստանի համար «դանդաղ գործող ռումբ» էր անվանել այդ լաբորատորիաները։ 

Առողջապահության ոլորտի մասնագետները անհանգստություն են հայտնում, որ ամերիկյան բիոլաբորատորիաների տեղակայման վայրերում հաճախ են համաճարակային բռնկումներ լինում, նույնիսկ սեզոնային գրիպը կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները մարդիկ սկսել են ավելի ծանր տանել՝ չբացառելով բնակավայրերում տարբեր փորձերի իրականացման գործոնի ազդեցությունը։ 

2014-ին Վրաստանում «Ռիչարդ Դուգարի» անվան լաբորատորիայում Հեպատիտ C-ի բուժման կուրս անցած 240 հիվանդներ մահացան, եղան պնդումներ, որ այդ մարդիկ դարձել են փորձաքննության օբյեկտ, այլ կերպ ասած՝ փորձաճագարներ: Վրաստանի այդ բիոլաբորատորիան ևս ստեղծվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության հովանավորությամբ։

Նույն տարում Հայաստանի Նոյեմբերյան քաղաքում հայտնաբերվեցին հարավամերիկյան մոծակներ, որոնք մի շարք հիվանդությունների կրողներ էին: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ հարևան Վրաստանում «Ռիչարդ Դուգարի» անվան լաբորատորիայում հետազոտություններ են անցկացվել արևադարձային տենդի և Զիկա վիրուսի կրող մոծակների վերաբերյալ, ապա այդ մոծակները անհասկանալի կերպով դուրս էին եկել լաբորատորիայից։  

Դեռևս 2010 թվականից Ուկրաինայում տարբեր հասարակական կազմակերպություններ պնդում էին, որ այդ երկրում գործում են ամերիկյան բիոլաբորատորիաներ, որոնք կենսաբանական զենքի փորձարկումներ են անում։ 2021 թվականին նույնիսկ փորձեր եղան ստորագրահավաք անելու և Ուկրաինայում փակելու այդ լաբորատորիաները, որոնք երկրում գերազանցում են 30-ը։ Ամերիկյան լաբորատորիաները չփակվեցին, իսկ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, որ դրանցում կենսաբանական զենքի փորձարկումները մեծ վտանգ են ներկայացնում Մոսկվայի համար։ 

2022-ի մարտի 15-ին ԱՄՆ կոնգրեսմեն Թուլսի Գաբարդը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Ուկրաինայում գոյություն ունեն կենսաբանական լաբորատորիաներ, և ԱՄՆ իշխանությունը ստում է, թե դրանք քաղաքացիական նպատակներ ունեն։ Այդ հայտարարությանը հաջորդել էր ԱՄՆ սենատոր Միթ Ռոմնիի կոչը՝ ձերբակալել Գաբարդին՝ ամերիկյան շահերին հակասող տեղեկություններ հրապարակելու համար։

Ընդամենը մեկ օր անց՝ 2022-ի մարտի 16-ին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը պաշտոնապես հաստատել էր Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների գոյությունը՝ խոստովանելով, որ դրանցում մշակվում են կենսաբանական և քիմիական զենքի տեսակներ, և վտանգ կա, որ դրանք կարող են հայտնվել ռուսների ձեռքին։

Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարին ռազմական գործողություններ սկսելով Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանը կարճ ժամանակում բացահայտեց և ներկայացրեց ապացույցներ այդ երկրում արգելված կենսաբանական զենքի մշակումների վերաբերյալ։ 

Կենսաբանական զենքի մշակումները և փորձարկումները Հայաստանում ևս արգելված են և կրում են քրեական բնույթ։ 

2022-ի մարտի 24-ին ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Ուկրաինայի բացահայտված կենսաբանական զենքի լաբորատորիաների ֆինանսավորումը կատարվել է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի ներդրումային հիմնադրամի և Պենտագոնի միջոցով։ Պենտագոնից բացի ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն են ունենում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Սորոսի հիմնադրամը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:    

Այն ժամանակ ևս ամերիկյան կառավարությունը և նրան սպասարկող լրատվամիջոցները ակտիվորեն հերքեցին այդ տեղեկությունները՝ նշելով, թե ռուսական էժանագին քարոզչություն է։ Հայաստանում ևս գործի անցան USAID-ի և Սորոսի հիմնադրամի դրամաշնորհներով սնվող լրատվամիջոցները և ամերիկյան լաբորատորիաները անվանեցին սովորական առողջապահական հիմնարկներ, որոնցում ուսումնասիրվում են բժշկական խնդիրներ և լուծումներ։ 

Եվ ահա, 2025-ի փետրվարի սկզբին ԱՄՆ նոր կառավարությունը հայտարարեց, որ տարիներ շարունակ իրենք ֆինանսավորել են լաբորատորիաներ աշխարհի տարբեր երկրներում՝ կենսաբանական զենք ստեղծելու համար։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենավստահելի գործիչը համարվող պետական DOGE (ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գործակալություն) ղեկավար Իլոն Մասկը նշեց․

«Գիտե՞ք արդյոք, որ USAID-ը ֆինանսավորել է կենսաբանական զենքի մշակումներ, այդ թվում՝ COVID-19-ը, որը միլիոնավոր մարդկանց սպանեց»։

Իլոն Մասկը թեպետ դեռևս չի նշել ԱՄՆ ռազմական գերատեսչության մասին, սակայն ավելի վաղ բազմիցս նշվել է, որ օտարերկյա կենսաբանական լաբորատորիաների ֆինանսավորումը կատարվում է USAID-ի և Պենտագոնի համատեղ ծրագրերով, հետևաբար երկուսի գործողությունների շահառուները նույն կազմակերպություններն են, նույն մարդիկ և նույն նպատակները։ 

Հայատանում գրեթե 10 տարի փաստացի գործում են 13 լաբորատորիաներ, որոնք հավանաբար մշակում և մեր երկրի բնակիչներին թունավորում են կենսաբանական տարատեսակ զենքերով»։