Փոխարժեքներ
22 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.54 |
EUR | ⚊ | € 425.47 |
RUB | ⚊ | ₽ 4.6351 |
GBP | ⚊ | £ 508.14 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր տեղեկություններ էին շրջանառվում, որ գիշերը Սոթքի ուղղությամբ հակառակորդն ինտենսիվ կարկոցներ է արձակել։ Մինչ այս պահը պաշտոնական որևէ աղբյուր չի հաստատել լուրի իսկությունը։ Թեմայի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ։
«Գիշերվա կրակոցների մասին ինքս էլ եմ լսել, որ եղել են․ այս պահի դրությամբ հանդարտ է»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։
Հարցին, թե արդյո՞ք ինտենսիվ կրակոցները հետևանքներ են ունեցել, կամ տուժածներ կան, մեր զրուցակիցը նշեց, որ այդ առումով որևէ ինֆորմացիա չունի։
Նշենք, որ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների լուրի մասին հաղորդագրություն էր տաարածել նաև ՊՆ-ն, որով ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է լուրը։ Անգամ ԱԺ-ում լրագրողների հարցին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հստակ պատասխան չի տվել։
Այնուամենայնիվ, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե՝ սահմանի տարբեր հատվածներում օրերս ակտիվացած կրակոցները ի՞նչ են հուշում, Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ դրանք ավելի շուտ պայմանավորված են «խաղաղության խաչմերուկ»-ի հետ կապված գործընթացով։
«Իրականում մեր կողմից որևէ կրակոց չի արձակվում, եթե խախտումներ լինում են, ապա Ադրբեջանի կողմից է լինում։ Չեմ բացառում ռազմական էսկալացիան, բայց կարծում եմ, որ ավելի շուտ քաղաքական և հոգեբանական գործոնով է պայմանավորված, ինչպես ՀՀ իշխանությունն է վախեցնում պատերազմի վտանգով, այդ նույն լծակները Ադրբեջանը, փաստացի, կիրառում է՝ ցույց տալով, որ իր պահանջները չկատարելը կբերի ռազմական բախման և հիմնական նպատակը Հայաստանին հերթական դիվանագիտական ձախողումը պարտադրելն է»։
Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված «խաղաղության» համաձայնագիրը կզսպի Ադրբեջանի ռազմական նկրտումները, հետաքրքրվեցինք մեր զրուցակցից․
«Դե, եթե պայմանագրից իջել ենք արդեն համաձայնագրի մակարդակի, վաղն էլ չեմ բացառում, որ իջնենք բանավոր պայմանավորվածությունների մակարդակի։ Ընդհանրապես պետությունների միջև համաձայնագրեր չեն կապվում, այլ պայմանագրեր են կապվում, որոնք հստակ երաշխիքներ են ներառում, և շատ դեպքերում մեր նման փոքր պետությունների համար նաև միջնորդներ են ներգրավում, որոնք պատասխանատվություն են կրում այդ պայմանագրի կատարման համար։ Մեր դեպքում ո՛չ միջնորդ երկիր ունենք, ո՛չ որևէ երաշխավոր ունենք, պայմանագիրն էլ իջեցրել ենք համաձայնագրի մակարդակին։ Հենց որ բանավոր պայմանավորվածությունների անցնենք, գուցե մի բան ստացվի։ Պարզ է, Իհարկե զավեշտի դաշտում ենք, բայց մեր պարագայում շատ տխուր է»։
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ դեռևս հնագույն ժամանակներից միշտ էլ նշվել է, որ խաղաղությունը պարտադրում են, ոչ թե մուրում։ Նրա համոզմամբ՝ մուրացողի կարգավիճակում ոչինչ չենք կարող պարտադրել և ոչինչ չենք կարող ստանալ։
«Մեզ շարունակ պարտադրում են և այդ պարտադրանքի ուժով հնարավոր ձևերով գործում են։ Երբ որ կարմիր գծեր չկան, ապա ինչի մասին պետք է խոսենք։ Անգամ յուրաքանչյուր անհատ կարմիր գիծ ունի, որից այն կողմ չի անցնում։ Կարծես մեր պետական քաղաքականության մեջ կարմիր գծեր չկան»։
Հարցին, թե արդյո՞ք վարդենիսցին կամ սահմանագոտում ապրող մարդը հավատում է Փաշինյանի ներկայացրած խաղաղությանը, մեր զրուցակիցն ասաց․ «Այն քաղաքականությունը և այն հռետորաբանությունը, որն ունի մեր իշխանությունը, հավա՞տ է ներշնչում ընդհանրապես Հայաստանի ազգաբնակչությանը։ Բնականաբար սահմանամերձ գոտում ապրող մարդուն որևէ հավատ չի ներշնչում այս իշխանությունների վարած քաղաքականությունը»։
Հերմինե Զեյնալյան