կարևոր
814 դիտում, 4 ժամ առաջ - 2025-03-10 19:22
Քաղաքական

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։ Այսօրվա նիստում դատարանը քննարկման առարկա դարձրեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Պաշպանության կողմը միջնորդեց վերացնել Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը, միևնույն ժամանակ, արձանագրել, որ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Պաշտպաններն արձանագրեցին՝ վկաների 90 տոկոսն արդեն հարցաքննվել է, մյուսներն Աշոտյանի մեղադրանքին առնչություն չունեն։

Պաշտպանության կողմն ուշադրություն հրավիրեց մի քանի հանգամանքի՝ նախ Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելը, ինչպես նաև՝ խափանման միջոցով պայմանավորված Աշոտյանի քաղաքական գործունեության սահմանափակումները։ Արմեն Աշոտյանը հայտնեց, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցները վեց ամսվա ընթացքում 21 անգամ այցելել են իր բնակության վայր, որևէ խախտում չեն հայտնաբերել։ Բացի այդ, նա ընդգծել է, որ սահմանափակված է իր քաղաքայան գործունեությունն ամբողջությամբ և եթե ՔԿՀ-ից կարող էր նամակ գրել, փոխանցել գործընկերներին, որ ուղարկեն ԵԺԿ, ապա այդ դա էլ չի կարող անել։

Հոդվածներս գրելս խնդրում եմ չհամարեք քաղաքական գործունեություն: Իմ քաղաքական հակառակորդները 7/24 ռեժիմով, բենզակալոնկի ռեժիմով Ֆեյսբուքում են, գրում են, խոսում են, սուպերմարկետի ռեժիմով ինչ-որ մարդկանց վրա ինչ-որ բաներ են ծախում: Ես ի՞նչ գործիքակազմ ունեմ… Ոչ մի»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ որպես ՀՀԿ փոխնախագահ՝ չի կարողանում կապ հաստատել իր վերադասի ու կուսակիցների հետ:
Արմեն Աշոտյանը նաև կասյածներ է հայտնել, որ իր տանը տեղադրված սարքը ԱԱԾ-ի կողմից չի համալրվել գաղտնալսման սարքով։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց մերժել միջնորդությունը և երկարացնել Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես 2022 տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024թ․ սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանը Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։