կարևոր
316 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-26 19:02
Հասարակություն

Հայաստանում կանցկացվի մանուշյանական շաբաթ

Հայաստանում կանցկացվի մանուշյանական շաբաթ

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջոցառման նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։

Միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Մասնավորապես՝ տեղի կունենան «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի և «Մանուշյան․․․» պիեսի շնորհանդեսները, Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման առաջնախաղը, Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և այլն:

Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են հայերեն ենթագրերով։ Ֆրանսիացի բանախոսների ելույթները կունենան համաժամանակյա թարգմանություն։ Միջոցառումների մուտքն ազատ է լինելու հանրության համար։