կարևոր
691 դիտում, 10 ժամ առաջ - 2025-02-11 18:26
Հասարակություն

Դիմում եմ ՀՀ ՏԿԵՆ-ին և պահանջում՝ խնդրի անհապաղ լուծում․ Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը Ասպրամ ԱԺ հայտարարությունների ժամին։

Սիրելի հայրենակիցներ,

Ինձ են դիմել Աբովյան համայնքի Վերին Պտղնի բնակավայրի 4-րդ փողոցի մի շարք բնակիչներ:

Նրանք նշել են, որ իրենց փողոցում ապրում են մոտ 25 ընտանիքներ, մոտ 40 դպրոցահասակ երեխաներ, թոշակառուներ:

Տնից մինչև դպրոց, բուժկետ, վարչական ղեկավարի գրասենյակ հասնելու համար իրենք ստիպված են հատելու նախ երկաթգիծը, ապա անցնելու երկու կամուրջների տակով անցնող ճանապարհներով, ընդ որում մեկը՝ հանրապետական նշանակության Երևան-Սևան մայրուղին:

Ճանապարհներն առանց մայթերի են, առանց հետիոտնի անցման համար նշագծումների, առանց «Զգուշացեք, երեխաներ են» կամ «Զգուշացեք, մարդիկ են» կամ նման զգուշացնող բովանդակությամբ որևէ այլ ցուցանակի:

Իրենց երեխաները ամենօրյա ռեժիմով դպրոց հասնելու համար ենթարկվում են ճանապարհա-տրանսպորտային անվտանգության տեսանկյունից մեծ ռիսկերի:

Անձրևային օրերին թե այդ ճանապարհներն են ցեխոտ և թե անցնող մեքենաներն են ցեխ շպրտում անցորդների վրա:

Բացի այդ նրանք նշում են, որ դպրոցից իրենց տներ հասնելու համար մեքենաները, եթե ընդամենը 2-3 տարի առաջ կարող էին օգտվել կարճ շրջանցից և հասնել իրենց բնակավայր, ապա հիմա ստիպված են մեծ շրջանց կատարել Բալահովիտով, Սումիով, որովհետև այդ շրջանցը փակվել է ինչ որ շինություն կառուցելու և արդեն գործարկելու պատճառով:

 Եվ եթե մի ընտանիքում կան մի քանի դպրոցահասակ երեխաներ, ապա ծնողները ստիպված են լինում այդ շրջանցը կատարել մի քանի անգամ՝ չհաշված այլ (բուժկետ, գրասենյակ և այլն) կարիքների համար բնակավայրի կենտրոն այցելելու անհրաժեշտությունը:

ՏԿԵՆ –ի ուշադրությունն եմ հրավիրում այս հարցին:

Պահանջում եմ անհապաղ ձեռք առնել միջոցառումներ, որոնք կապահովեն այդ բնակավայրի բնակիչներին՝ ճանապարհա-տրանսպորտային անվտանգության տեսանկյունից անվտանգ դպրոց, բուժկետ, բնակավայրի զեկավայրի գրասենյակ և ընսդհանրապես վարչական կենտրոն հասնելը: