կարևոր
874 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-10 13:30
Հասարակություն

Ասում են՝ հետաձգեք օրենքը. որտե՞ղ է երաշխիքը, որ կրկին նման պահանջ չի ներկայացվի․ փոխնախարարը՝ բոյկոտող տնտեսվարողներին

«Մենք բողոքող տնտեսվարողներին ներկայացրել ենք խնդրանք , որ թող ներկայացվի հավաքական առաջարկ, սակայն պատասխան չի եղել»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում նշեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ տնտեսվարողները բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:

«Եղել է ընդամենը մեկ առաջարկ՝ հետաձգել այս կատարված փոփոխությունները և մեր արձագանքը եղել է շատ հստակ։ Օրենսդրական փոփոխությունը հիմնված է եղել շատ փաստարկների ու հիմնավորումների վրա: Հետևաբար չի կարող առանց նոր ավելի ուժեղ փաստարկների և վերլուծությունների որևէ վերանայում կատարվել: Ասում են՝ հետաձգեք. Որտե՞ղ է երաշխիքը, որ այդ հետաձգված ժամանակահատվածի ավարտից հետո կրկին նման պահանջ չի ներկայացվի, հետևաբար մենք բովանդակության կողմնակից ենք, և ցավոք մինչ այս պահը մենք չենք ստացել նման հիմնավոր վերլուծություններով ուղեկցվող առաջարկ»,-ասաց նա:

Փոխնախարարը չհամաձայնեց պնդմանը, որ այս փոփոխությամբ փոքր ու միջին բիզնեսի վրա հարկային բեռն ավելանում է. «Առհասարակ այս փոփոխությունը շրջանառության հարկի բեռի բարձրացման մասին չէ: Այս փոփոխությամբ այո, շրջանառության հարկի դրույքաչափ, որը կիրառվում է իրացման շրջանառության նկատմամբ, բարձրացել է, բայց ինչու ենք խոսում միայն այս դրվագի մասին և չենք խոսում մեկ այլ, ըստ իս, շատ ավելի կարևոր դրվագի մասին, որով հնարավորություն է ընձեռվել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարագայում այդ հաշվարկված հարկը նվազեցնել, ընդ որում այն չափով նվազեցնել, որ վերջնարդյունքում ստացվող հարկը լինի ավելի ցածր, քան մինչև օրենսդրական փոփոխություններն էին։ Ոչ ոք սրա մասին կարծես չի ուզում խոսել, բայց մենք առանց հոգնելու անընդհատ խոսելու ենք այս մասին, բացատրելու ենք ու հորդորելու ենք ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորել, որի պարագայում, այո, հնարավոր է անգամ հարկային բեռի նվազեցում»,-ասաց Պողոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։