կարևոր
403 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-03 11:15
Աշխարհ

Կանադան պետք է դառնա մեր սիրելի 51-րդ նահանգը. Թրամփ

Կանադան պետք է դառնա մեր սիրելի 51-րդ նահանգը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայից ապրանքների ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելուց հետո, կրկնել է, որ հարևան երկիրը պետք է դառնա ԱՄՆ-ի «սիրելի 51-րդ նահանգը»։ Ինչպես նշում է news.sky.com-ը, նա այդ մասին գրել է Truth Social հարթակում:

«Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար, ինչո՞ւ, պատճառ չկա: Մեզ ոչինչ պետք չէ այն ամենից, որ նրանք ունեն։ Մենք ունենք անսահմանափակ էներգիա, պետք է արտադրենք մեր սեփական մեքենաները և ունենք ավելի շատ փայտանյութ, քան երբևէ կարող ենք օգտագործել», - գրել է նա:

Թրամփը պնդել էր, որ առանց «զանգվածային սուբսիդավորման» Կանադան «կդադարի գոյություն ունենալ որպես կենսունակ երկիր»:

«Հետևաբար, Կանադան պետք է դառնա մեր սիրելի 51-րդ նահանգը: Կլինեն շատ ավելի ցածր հարկեր և շատ ավելի լավ ռազմական պաշտպանություն Կանադայի ժողովրդի համար. չեն լինի մաքսատուրքեր», - գրել է նա:

ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել էր «Կանադայի մեծ նահանգի նահանգապետ»: Նա նշել էր, որ Կանադան և Մեքսիկան պետք է դառնան Միացյալ Նահանգների մաս, եթե ցանկանում են շարունակել օգնություն ստանալ Վաշինգտոնից:

«Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարով: Մենք սուբսիդավորում ենք Մեքսիկային գրեթե 300 մլրդ դոլարով: Ինչո՞ւ մենք պետք է դա անենք: Թող սուբսիդիաների փոխարեն նրանք դառնան նոր նահանգներ»,- ասել էր Թրամփը։

Նա, ըստ երևույթին, նկատի է ունեցել այս երկրների հետ ԱՄՆ առևտրային դեֆիցիտը: