կարևոր
556 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-31 23:23
Հասարակություն

ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ են անում. նրանք որոշել են գիշերել դրսում. Hetq.am

ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ են անում. նրանք որոշել են գիշերել դրսում. Hetq.am

«Հետքի» աղբյուրը հայտնում է, որ այսօր առավոտից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Նկատենք, որ ԶՊՄԿ-ն 2024 թ. Հայաստանի խոշորագույն հարկատուն է:

Գործադուլի մասնակիցներից մեկը «Հետքին» հայտնել է (վերջինս ցանկացել է չհրապարակել իր անուն-ազգանունը), որ գործադուլի պահանջը սոցիալական արդարություն հաստատելն է:

«Չնայած այն հանգամանքին, որ թմբկահարվում է, թե Քաջարանում աշխատավարձերը բարձր են՝ հաշվի չեն առնում, որ այստեղ կյանքը թանկ է, առողջապահական համակարգ չկա, մարդիկ ստիպված են Կապան կամ Երեւան գնալ դրա համար»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:

Ըստ կոմբինատի աշխատակցի՝ գործադուլավորները երկու հստակ պահանջ ունեն՝ աշխատավարձերի բարձրացում եւ աշխատակիցների ու վերադասի միջեւ բաց երկխոսության ապահովում:

«Աշխատավարձերը ցածր են հիմնականում աշխատավոր մարդկանց համար, միջին եւ բարձր օղակները բավականին մեծ տարբերությամբ մեծ գումարներ են ստանում: Երկրորդը՝ կարելի է ասել, որ իսպառ բացակայում է երկխոսությունն աշխատավորների եւ վերադասի միջեւ, ինչն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ հետադարձ կապ, աշխատանքի կազմակերպման, աշխատանքի որակի հարցեր եւ այլն»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:

Կոմբինատի աշխատակիցը նշում է, որ իրենք միշտ էլ բարձրացրել են այս հարցերը, իսկ մինչեւ գործադուլ անելն այս պահանջները ներկայացրել են ԶՊՄԿ-ի ղեկավարությանը, սակայն որեւէ լուծում չեն ստացել:

Այսօր առավոտյան՝ նախքան գործադուլ կազմակերպելը, կոմբինատի աշխատողները հանդիպել են ԶՊՄԿ-ի ղեկավարությանը: Հանդիպումը, ըստ մեր զրուցակցի, անցել է ոչ կառուցողական մթնոլորտում, եւ իրենց ներկայացրած պահանջները չեն բավարարվել: Այդ հանդիպումից հետո էլ աշխատակիցները որոշել են դիմել գործադուլի:

Նրանք պահանջում են 50 տոկոսով (130-150 հազար դրամով) բարձրացնել իրենց աշխատավարձը: «Մենք չենք կարող համեմատել Քաջարանը մեր չքնաղ հայրենիքի մյուս բնակավայրերի հետ, քանի որ կարելի է ասել, որ մարդիկ այստեղ ապրում են հենց հանքի մեջ»,- ավելացնում է ԶՊՄԿ-ի աշխատակիցը:

Գործադուլի մասնակիցների հետ հանդիպել է նաեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը: «Հետքի» զրուցակցի տեղեկացմամբ՝ հանդիպումը բավականին կառուցողական էր:

Այս պահին գործադուլը շարունակվում է: Քանի որ ցուրտ եղանակ է, աշխատակիցները խարույկներ են վառել: «Հետքի» զրուցակիցը նշում է, որ որոշել են գիշերն անցկացնել դրսում:

Ըստ ԶՊՄԿ-ի աշխատակցի՝ կոմբինատը գործադուլի պատճառով այսօր չի աշխատել: Մյուս կողմից՝ քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, աշխատանքի չեն վերադառնալու:

ՀԳ. Ոչ աշխատանքային ժամի պատճառով ԶՊՄԿ-ի մեկնաբանությունը գործադուլի եւ ներկայացված պահանջների մասին կներկայացնենք ավելի ուշ: