կարևոր
439 դիտում, 20 ժամ առաջ - 2024-12-24 09:33
Հասարակություն

Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»

Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացում անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Օրինագծով, որը դրվել է հանրային քննարկման, առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 7 ժամ՝ 8-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը:

Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, մանավանդ՝ աշխարհի շատ երկրներում են անցել յոթժամյա աշխատանքային օրվա: Բայց այստեղ հարցեր կան, հատկապես, որ նման օրենսդրական փոփոխության հեղինակը Փաշինյանի կառավարությունն է: Այսինքն, այն նույն կառավարությունը, որ ջերմեռանդորեն հիմնավորում էր Ամանորի ու Սուրբծննդյան տոները կրճատելու մասին: Հիշո՞ւմ եք, թե ինչ բոցաշունչ ելույթներ էին ունենում առ այն, թե՝ ինչպե՜ս կարելի է հունվարի 1-7-ը չաշխատել, միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը բավարար են: Հիշեցի՞ք: Իսկ հիշո՞ւմ եք, որ դրանից զատ ասում էին, որ եթե երկու-երեք օր պակաս են մարդիկ աշխատում, ապա երկրի տնտեսությունը խոշորագույն կորուստներ է կրում: Մի խոսքով, այնպես էին նկարագրում այդ մի քանի հանգստյան օրվա պարագան, որ թվում էր, թե երկրագնդի պտտվելու հարցն էլ է դրա հետ կապված:

Ավելին, կհիշեք, թե նույն այդ մարդիկ ինչպես էին ակնհայտ արհամարհանքով արտահայտվում մահացածների հիշատակի օրերի՝ «մեռելոցների» մասին: Ու էլի՝ «տնտեսությունը կորուստներ է կրում»: Իսկ հիմա... այդ նույն մարդիկ առաջարկում են օրական աշխատաժամանակը 1 ժամով նվազեցնել: Դա շաբաթական 5 ժամ է անում, ամիսը՝ 20-22 ժամ, տարվա մեջ՝ 240-260 ժամ... Բայց, մի րոպե, ստացվում է, որ փաշինյանենք առաջարկում են տարվա ընթացքում աշխատաժամանակը կրճատել, ընդհանուր առմամբ, 10-11 օր: Այսի՞նքն: Իրենց մեջտեղից պատառոտում են, թե... Ամանորին 2-3 օր չաշխատելու հետևանքով երկիրը կործանվում է, ու նույն մարդիկ առաջարկում են... կրճատել 10 աշխատանքային օր: Բա տնտեսությո՞ւնը, բա տուրի՞զմը, բա բյուջեի (պարգևավճարման) մուտքե՞րը...

Բնութագրական է, եթե նկատի ունենանք, որ գործ ունենք Փաշինյանի ու նրա իշխանության հետ: Մի կողմից՝ 10 օր կրճատում ես, մյուս կողմից՝ ծայրահեղական բռնկումներ ունենում, որ մարդիկ Նոր տարուն մի քանի օր չեն աշխատում, մի հատ էլ՝ հունվարի 7-ին իրենց անցավորների շիրիմներին են այցելում: