Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի հերթական նիստը վարել է՝ անդրադառնալով Երևանի բազմաթիվ խնդիրներին, որոնք, չգիտես ինչու, լուծման փոխարեն գնալով շատանում են։ Քաղաքապետը խոստովանել է ավտոբուսների գերծանրաբեռնվածության խնդրի մասին, սակայն առաջարկվող լուծումները շարունակում են մնալ անկատար և անիրատեսական։
«Իրապես վատացել է իրավիճակը, մասնավորապես Նորագավիթում», – ասել է Ավինյանը՝ խոստանալով, որ հունվարի 1-ից նոր տոմսային համակարգի ներդրմամբ պետք է բարելավվի ծառայության որակը։ Եվ չնայած քաղաքապետի այս լավատեսությանը, այդուհանդերձ, ըստ պաշտոնական տվյալների, միայն 6 տոկոսն է օգտվում թվայնացված համակարգից, իսկ 94 տոկոսը շարունակում է վճարել կոպեկներով։
«Սրանք լուրջ թվեր են, և պետք է արագ անցում կատարել նոր համակարգի 15 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև Նոր տարի», - հայտարարել է նա։ Թե ինչպե՞ս կարելի է 15 օրվա ընթացքում իրականացնել այն, ինչ 1.5 ամսում չի հաջողվել, մնում է հանելուկ, կամ Ավինյանը գիտի դրան հասնելու ինչ-որ մոգական ձևեր, որոնք սովորական մահկանացուներիս համար հասանելի չեն։ Հետևաբար, կարող ենք ենթադրել, որ սրանք ավելի շատ նախատոնական խոստումներ են լավ օրերի մասին, լուրջ դեմքով սեփական անձին ինչ-որ կշիռ տալու հնարք, քան լուրջ գործողությունների ծրագիր։
Ի դեպ, Ավինյանին խորհուրդ կտայինք հետևել առավոտյան տրանսպորտով աշխատանքի գնացող շարքային երևանցիներին և մեկ օր իրենց պես գնալ աշխատանքի, չակերտավոր, բարելավված տրանսպորտով: Դրանից հետո կուզենային իմանալ՝ քանի՞ ժամ հարկավոր կլիներ Ավինյանին, որպեսզի նա ավտոբուսներում անմարդկային ձևերով խցկված երթևեկելուց, մի ոտատեղ կորզելու համար ուղևորների առջև վիզ ծռելուց, իսկ ավտոբուս բարձրանալուց հետո իրեն օրվա երջանիկներից մեկը համարելուց հետո ուշքի գար և անցներ գործի:
Ավինյանը նաև անդրադարձել է կանաչ տարածքների պահպանման խնդրին՝ փորձելով արդարանալ, թե իրենց լռությունն է մոլորեցնում երևանցիներին։ Այստեղ էլ է Ավինյանը շարժում մարդկանց ծիծաղը, իսկ իրականությունն այն է, որ քաղաքային իշխանության հենց թողտվությամբ են ամենուր խցկվում երկնաքերները, բետոնապատվում ամեն անկյուն, ինչի արդյունքում էլ հաճախ ոչնչանում են կանաչ տարածքները։ Այս դեպքում խնդիրը լռությունը չէ, այլ՝ կոնկրետ գործողությունների բացակայությունը կամ հենց քաղաքապետարանի շինթույլտվությունները, որոնք ուղղված են հենց կանաչ տարածքների դեմ։
«Սիրելի երևանցիներ, միայն փողի գողը չի, որ գող է։ Հողի գողը նույնպես գող է։ Հողի զավթումը համայնքից գողություն է, անտառի զավթումը համայնքից գողություն է», – հայտարարել է Ավինյանը՝ հավելելով, թե այս «մշակութային դեֆեկտը» պետք է վերացնել։
Այսպիսի ընդհանրացնող և մեղադրական հայտարարությունները ոչ միայն վիրավորում են քաղաքի բնակիչներին, այլև հերթական անգամ քաղաքային իշխանության մեղքը գցում են ուրիշի, այս դեպքում՝ քաղաքացու գրպանը։
Ահա այս դատարկ խոստումներով ու օրավուր խորացող բազմապիսի խնդիրներով էլ Երևանն ու երևանցին թևակոխում են 2025 թվական: