կարևոր
322 դիտում, 3 ժամ առաջ - 2024-11-25 22:45
Աշխարհ

Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի

Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի

Իտալիայի ԱԳՆ ղեկավար, փոխվարչապետ Անտոնիո Թայանին հաստատել է՝ Ուկրաինա իտալացի զինծառայողներ ուղարկելու մտադրության բացակայության մասին դիրքորոշումը ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների ֆոնին, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան քննարկումներ են անցկացնում արեւմտյան զինվորականների հնարավոր ուղարկման շուրջ:

«Մենք ոչ մի զինվոր չենք ուղարկի Ուկրաինա կռվելու, մենք Կիևին օգնում ենք քաղաքական, ֆինանսական, ռազմական առումով՝ օգնություն ուղարկելով, բայց մենք զինվոր չենք ուղարկի կռվելու։ Մենք պետք է խուսափենք էսկալացիայից», - հայտարարել է նա Հռոմի մերձակայքում գտնվող Ֆյուջի քաղաքում «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վերսկսել են արևմտյան զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հնարավորության շուրջ քննարկումները, հայտնում է Monde պարբերականը: «Հաշվի առնելով ԱՄՆ - ի կողմից Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու հեռանկարը՝ կապված Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու հետ, Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում, որ կգլխավորեն Ուկրաինայի հարցով կոալիցիան այն պայմաններով, որոնք դեռ պետք է որոշվեն», - գրում է լրատվամիջոցը:

Պարբերականի տեղեկություններով՝ դա քննարկվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթորմերի՝ նոյեմբերի 11-ին Փարիզ կատարած այցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նրա հանդիպման ընթացքում: