կարևոր
283 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-25 16:52
Հասարակություն

Ուժի մեջ են մտել սկուտերով, սքեյթբորդով և այլ նմանատիպ միջոցներով երթևեկության կանոնները

Ուժի մեջ են մտել սկուտերով, սքեյթբորդով և այլ նմանատիպ միջոցներով երթևեկության կանոնները

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները․

«Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները:

ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է՝

անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։ Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, դրանց բացակայության դեպքում` նաև օրենքով սահմանված այլ վայրերում: Մինչև 18 տարեկան (բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող) անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից:

Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։ Նախատեսված է նաև նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով: Վերջին կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թ. սեպտեմբերի 1-ից։

Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի, օրինակ՝ ուսապարկ): Ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդների կամ մոպեդների վարորդների կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։

Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Օրենսդրական կարգավորումների հիմնական նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է։